Անցյալ տարվա համեմատ այս տարի ծիրանի բերքի ծավալները Հայաստանում ավելի քան երեք անգամ մեծացել են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գյուղատնտես Արշակ Կիրակոսյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է ծիրանի արտահանմամբ: Նա պնդել է, որ ուժեղ կարկուտները թեև վնասել են պտղի մեծ մասը Արմավիրում և մասամբ՝ Արագածոտնի մարզում, սակայն այլ շրջաններում, օրինակ, Արարատի մարզում բերքը այնքան շատ է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում բերքի ծավալների աճ է գրանցվել:
Այնուհանդերձ, հատկանշանական է, որ բիզնեսի սկզբունքներին հակառակ, բերքի քանակի մեծացումը չի հանգեցրել գնի իջեցմանը: Ընդհակառակը, այս տարի ծիրանի գինն ավելի բարձր է, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում էր:
«Եթե անցյալ տարի բեռնատարերերը սեզոնի բացմանը ծիրանը տանում էին 600 դրամով, ապա իջեցրին չորս հարյուր դրամի, ապա այս տարի ամենաշուտը՝ Սուրենավանից ծիրան տարել են անգամ 700 դրամով և մինչև հիմա գինը 500 դրամից չի իջնում»,- ասել է Կիրակոսյանը:
Սակագինն իջնելուն պետք է նպաստեր նաև այն, որ ծիրանի գները նվազել են նաև Հայաստանի մեծագույն արտաքին շուկա համարվող Մոսկվայում: Ըստ գյուղատնտեսի՝ այս պահին Հայաստանից մեկնած բազում բեռնատարեր կանգնած են Մոսկվայի շուկայում հերթի մեջ, քանի որ ծիրանի պաշարները պակասություն չեն անում:
«Բերքը երկար սպասելու դեպքում գերհասունանում և փչանում է: Այնտեղ հասած ծիրանը ճանապարհին անցկացրել է մի քանի օր, երկար հերթի մեջ մնալուց հետո, այն կգերհասունանա և կփչանա ու վաճառողները ստիպված կնվազեցնեն գինը: Այդ պատճառով՝ ի տարբերություն անցյալ տարիների, ֆուռատերերը (ծիրանի վերավաճառքով զբաղվողները) այս անգամ մեծ եկամուտներ գուցե չունենան»,- ասել է գյուղատնտեսը:
Նա նշել է, որ իրավիճակը գյուղացիներին բացատրելով էլ մթերողներին չի հաջողվում ստիպել մեծածախ գինը իջեցնել: Սա, ըստ գյուղատնտեսի, պայմանավորված է նրանով, որ ծիրանը գյուղացիների միակ եկամտի աղբյուրն է ողջ տարվա համար: Բացի դա, գյուղացիները փաստարկում են, որ երկրում մասսայական թանկացումներ են լինում, ուստի իրենք ևս զիջումների գնալ չեն պատրաստվում: Գյուղացիները, գին ցածրացնելու դեպքում, սպառնում են բոյկոտել և ծիրան չտալ:
Հիշեցնենք, որ ծիրանի մեծածախ գինը բարձր պահելու համար Արարատի մարզի որոշ գյուղերի բնակիչներ անցյալ շաբաթ բողոքի ակցիա են կազմակերպել:
Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքների բնակիչները դժգոհ են եղել մթերող ընկերությունների առաջարկած գներից և ճանապարհը փակել են, որպեսզի նրանց մեքենաները գյուղերից դուրս չգան: Բանակցությունների ավարտին, սակայն, նրանք ստիպված են եղել համաձայնել առաջարկած գնին: