Երևանում Ռուսաստանի դեսապանության մոտ այսօր կայացած հերթական ակցիան կազմակերպել էր «Հայազն» միությունը: Մեկ տասնյակ բողոքողներ մոտ 40 լրագրողների և ոստիկանների ներկայությամբ գունավոր խալաթ են կախել դեսպանատան ցուցատախտակին: Նույն տեղում նրանք նաև փակցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը խալաթով, որը նման էր այն խալաթին, որ հագին ուներ վարորդ Հրաչյա Հարությունյանը, երբ նրան Ռուսաստանում դատարանի դահլիճ էին բերել:
Հարությունյանի «Կամազը» հուլիսի 13-ին հարվածել է ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ զոհվել է և 30-ը՝ վիրավորվել:
«Հայազն»-ի ներկայացուցիչներն այսօր, քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ և Դաշնկացություն կուսակցության երիտթևի ներկայացուցիչները երեկ բողոքում էին մեղադրյալի նկատմամբ ռուսաստանյան իրավապահ և դատական մարմինների կողմից դրսևորած նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ:
Բողոքի ակցիայի վայրից մոտ 50 մետր հեռու ավելի շատ մարդ էր հավաքված: Այստեղ՝ ՌԴ-ի հյուպատոսության մոտ, քաքաղացիներ էին հավաքված, որոնք սպասում էին փաստաթղթերը հանձնելու, աշխատանքի կամ կացության իրավունք ստանալու, իսկ ամենահավակնոտները քաղաքացիություն ստանալու հերթին:
«Համերկրացիներ» ծրագրի համար Անդրանիկը մի քանի ամիս առաջ էր գրվել և եկել էր անձնագիր ստանալու: Նրա խոսքով՝ այսօր դեռ շատ մարդ չկար, եկել էին միայն նրանք, ովքեր արդեն հանձնել են փաստաթղթերը, սովորաբար մի քանի անգամ շատ մարդ է լինում: Նա հատուկ ընդգծեց, որ նրո անձնագրում իր անունը «Անդրեյ» չի գրվելու:
Ռուսաստանի դեսապանությունն արձագանքել է բողոքներին այսօրվա ակցիայից 2 ժամ անց:
«Ափսոսանք է առաջացնում այն հանգամանքը, որ հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ն, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, առանձին անձանց կողմից օգտագործվում է հակառուսական կրքերը բորբոքելու համար:
Մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական և հայ-ռուսաստանյան հարաբերությունների վատթարացման նպատակներով օգտագործելը համարում ենք անհարիր: Պատվիրված քաղաքական գնահատականներն անընդունելի են: Պոդոլսկի ողբերգությունը չունի ազգային նկարագիր, այն կհետաքննվի մանրակրկիտ, անկողմնապահ, բազմակողմանի կերպով»:
Ակցիայի ընթացքում «Հայազն» կուսակցության հասարակության հետ կապերի պատասխանատու Արմեն Հովհաննիսյանը դեսպանատան դիմացի մայթին կանգնած դժգոհում էր Հրաչյա Հարությունյանի մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության ռեպորտաժի կապակցությամբ:
Նրա խոսքով՝ հեռուստաընկերությունը վերահսկվում է ռուսաստանյան իշխանությունների կողմից, ամեն նյութ մինչև եթեր հեռարձակվելն առնվազն 5-6 ինստանցիա է անցնում, իսկ սյուժեի հեղինակը (Օլգա Սկաբեևան) հայտնի է որպես «Պուտինի երկաթյա տիկնիկ»:
Նա նաև օրինակ է բերել չեչենցիներին և այլ հյուսիսկովկասցիներին, ովքեր այլ կերպ են իրենց պահում իրավապահ մարմինների հետ շփումների ժամանակ:
«Տեսեք թե նրանք որքան խրոխտ, ես կասեի՝ չափից դուրս խրոխտ են պահում ոստիկանության հետ, վստահ են, որովհետև իրենք համոզված են, որ ունեն հայրենիք: Մինչև վերջին վայրկյանը մենք պետք է մեր հայրենակցի կողքին լինենք, իսկ իշխանությունները պետք է հետամուտ լինեն, որպեսզի նա գա Հայաստան և իր պատիժը կրի Հայաստանում: Հետո, իհարկե, Հայաստանի կառավարությունը կարող է այլ որոշումներ կայացնել», – ասել է Հովհաննիսյանը:
Այդ ընթացքում ՌԴ հյուպատոսարանի աստիճանների վրա շարժ սկսվեց: Հավաքվածների մոտ մի մարդ դուրս եկավ և ասաց, որ պետք է մի փոքր էլ սպասեն՝ կանչելու են ցուցակներով:
«Անասունները մեզ ընդհանրապես մարդու տեղ չեն դնում», – ցածր ձայնով ասաց մոսկովյան թերթը ձեռքին տարեց մի մարդ ու ավելի ցածր հայհոյեց հայերեն: Սմբատ Գուրգենովիչը փաստաթղթերի է սպասում, որոնք կհաստատեն ԽՍՀՄ-ում ունեցած իր 54-ամյա աշխատանքային ստաժը և հնարավորություն կտան ռուսաստանյան թոշակ ստանալ, որը մի քանի անգամ ավելի շատ է, քան հայաստանյանը: Ռուսաստանում հոր փաստաթղթերով զբաղվում է որդին, ով ավելի քան 20 տարի ապրում է Սանկտ Պետերբուրգում և ատամնաբույժ է աշխատում:
Փողոցի այն կողմում ազգայնական կուսակցության ներկայացուցչիները հայտարարում էին, որ, հնարավոր է, Հայաստանում էլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, սակայն դա չի դրսևորվում պետական մակարդակով: Պատասխանելով այն հարցին, թե ինչու կուսակցությունը միայն նվաստացուցիչ վերաբերմունքի այս դեպքից հետո է բողոքի ակցիա անցկացնում՝ Հովհաննիսյանը պատասխանել է, թե սա առաջին դեպքն է, երբ ռուսաստանյան պետությունը և իրավապահ մարմինները նման մասշտաբով խրախուսում են ռասիզմը Հայաստանի քաղաքացու նկատմամբ:
Անցավ մեկ ժամ, իսկ հյուպատոսական բաժնի դիմաց հերթը չէր պակասում, 35 աստիճանանոց շոգը տանելն ավելի ծանր էր: Շենքից դուրս եկած մարդը հայտարարեց, որ փաստաթղթեր հանձնելու համար եկածները կարող են չսպասել և գալ հաջորդ ընդունելության օրը:
«Ինչ կարող եմ անել»՝ պատասխանում էր դեսպանության մարդը՝ լսելով, որ մարդիկ բողոքում էին, թե արդեն երեք ժամ հերթի մեջ են կանգնած: «Առավոտից ա պետք գալ», – հայտարարեցին նրանք, ովքեր մնում էին: Նրանց բախտը բերել է. շուտով հավանաբար նրանք օրինական կացության և աշխատանքի փաստաթղթեր կստանան Ռուսաստանում, որտեղ կդառնան հայ վարորդ, հայ շինարար, հայ ուսուցչուհի, հայ կողոպտիչ, հայ բուժքույր, ազգությամբ հայ և Հայաստանից ներգաղթած:
«Ամեն ինչ էրեխեքի համար ենք անում, իզուր եք մեզ դատապարտում: Կնայեմ ձեզ, երբ որ դուք էլ ծնող դառնաք», – ասաց երեխան ձեռքին կանգնած կանանցից մեկը, ով արգելեց լուսանկարել: Ես ենթարկվեցի:
Յուրի Մ