Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջևանի Ինքնավար հանրապետության տարածքում արգելել են ինտերնետ ակումբների գործունեությունը: Սա տեղի ղեկավար Վասիֆ Թալիբովի հերթական հնարքներից է, ով իր ղեկավարության 20 տարիների ընթացքում, օրինակ, արգելել է թեյատներն ու մոտոցիկլետների օգտագործումը: Ադրբեջանցի լրագրողների վկայությամբ, Թալիբովն իր գործունեության ու եռանդի շնորհիվ ստացել է «փոքրիկ Կիմ Չեն Իր» մականունը: Միևնույն ժամանակ նշվում է, որ մականվան հեղինակը երկրի նախագահ Իլհամ Ալիևն է: Դրա հետ մեկտեղ, անցած տարի Թալիբովը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից ստացել է «մամուլի գիշատիչ» կոչումը:
Ինտերնետ ակումբների արգելքը կապում են նրա հետ, որ, նախագահական ընտրություններին ընդառաջ, լրատվական կայքերը դարձել են ինշխանությունների կողմից չվերահսկվող տեղեկատվության միակ աղբյուրը:
Իրավիճակը «Ազադլիգ» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության Նախիջևանի բաժանմունքի նախագահ Յաշար Բաղիրսոյը: Նրա խոսքով՝ արգելքմ ուժի մեջ է մտել շուրջ երկու շաբաթ առաջ:
«Սա ավելի վատ իրավիճակի մեջ է դնում առանց այդ էլ տեղեկատվական շրջափակման մեջ գտնվող նախիջևանցիներին: Ընդդիմադիր թերթերն այնտեղ թույլատրված չեն, կամ տրամադրվում են սահմանափակ քանակությամբ: Միակ հույսը ինտերնետն էր: Ճիշտ է՝ տներում ինտերնետ կապին ձեռք չեն տվել, բայց դա շատ քիչ է: Մարդիկ ի վիճակի չեն անձնական համակարգիչ գնել, իսկ ինտերնետ կապի սակագները չափազանց բարձր են: Այնպես որ, տեղեկատվություն ստանալու համար նրանք գնում էին ինտերնետ ակումբներ»:
Ինտերնետ ակումբների փակումը Յաշար Բաղիրսոյը կապում է Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների հետ: «Տեղի իշխանությունները վախենում են ընտրություններին ընդառաջ բնակչության հնարավոր ակտիվացումից: Վերջին շրջանում Նախիջևանի երիտասարդությունը մեծ ակտիվություն էր ցուցաբերում սոցիալական ցանցերում: Նրանք տեղեկություն էին փոխանակում երկրում տիրող կամայականության մասին, պահանջում արդար ընտրությունների անցկացում: Ես տեղեկություն ունեմ, որ անհայտ անձինք փակ համարներից զանգահարում էին նրանց ու սպառնալով պահանջում՝ սոցցանցերից ջնջել քննադատական գրառումները: Հավանաբար, այս մեթոդի ձախողման պատճառով, իշխանությունները լուծում են գտել ինտերնետ ակումբների արգելման մեջ»:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ ինտերնետ ակումբների փակման մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Նախարարությունից հայտնում են, որ պետության բոլոր ինտերնետ ակումբները շարունակում են իրենց գործունեությունը: