Հայաստանն ինտերնետի ներթափանցման ցուցանիշով առաջատարն է Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ 44% ցուցանիշով, վկայում են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների («ՀՌԿԿ») տվյալները:
Ինչպես նշվում է հետազոտության մեջ, 2012 թվականի վերջի դրությամբ Հայաստանի բնակչության 44%-ը շաբաթ մեկ կամ ավելի անգամ օգտնվել է ինտերնետից: 2010 թվականին այդ ցուցանիշը հավասար է եղել 28%-ի: Հատկանշական է, որ երկրում չեն մնացել մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ բան է ինտերնետը:
Վրաստանում շաբաթական ինտերնետից օգտվում է բնակչության 35%-ը, իսկ ինտերնետի մասին երբեք չի լսել հարցվածների 6%-ը:
Ադրբեջանում ինտերնետից օգտվում է բնակչության 19%-ը, մինչդեռ 12%-ը դեռևս չգիտի, թե ինչ է ինտերնետը:
Հայերի շուրջ 25%-ը ինտերնետում նորություններ է կարդում: Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 22%, իսկ Ադրբեջանում՝ 16%:
Կազմակերպությունը նշում է, որ ինտերնետից հիմնականում օգտվում են երեք երկրների մայրաքաղաքների՝ 18-ից 35 տարեկան բնակիչները:
Հայաստանում ու Ադրբեջանում հարցվածների մեծ մասը որպես ինտերնետից չօգտվելու պատճառ նշել են ինտերնետ կապի բացակայությունը, իսկ Վրաստանում՝ համակարգչի: Բացի այդ, ադրբեջանցիների մեկ քառորդը նշել է, որ հետաքրքրված չէ ինտերնետի օգտագործմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հետազոտությունը նաև պարզել է, որ Վրաստանի բնակիչների մեծ մասն ու հայերի և ադրբեջանցիների շուրջ կեսը մեծ մասամբ օգտվում են սոցիալական ցանցերից, ինչպիսիք են «Օդնոկլասնիկի»-ն ("Одноклассники") , Facebook-ն ու MySpace-ը: