հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Պոլիտեխնիկի ռեկտորի նոր նախաձեռնությունը դուր չի եկել նրա ընդդիմախոսին

Պոլիտեխնիկի ռեկտորի նոր նախաձեռնությունը դուր չի եկել նրա ընդդիմախոսին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) կրքերը շարունակում են բորբոքված մնալ: Միմյանց դեմ պայքարում են համալսարանի ռեկտորը՝ Արա Ավետիսյանը, և մի խումբ դժգոհող դասախոսների և աշխատակիցների անունից հանդես եկող ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը:

Դեռևս նախորդ շաբաթվանից կողմերը մամուլի ասուլիսներում իրենց կարծիքն են արտահայտում ստեղծված իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ բողոքող դասախոսները նշում են, որ տարվա սկզբից իրենց աշխատավարձներն անհիմն կերպով նվազեցվել են, չնայած ուսման վարձերի բարձրացմանը, իսկ Արա Ավետիսյանը պնդում է, որ այս տարի բուհ անհրաժշետ թվով ուսանողներ չեն ընդունվել և դրանով է պայմանավորված ֆինանսավորման կրճատումը ու աշխատավարձերի իջեցումը: 

Շաբաթ օրը Պոլիտեխնիկի մամուլի ծառայությունը տարածել է ռեկտորի հրամանը, համաձայն որի ՀՊՃՀ-ում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը և մինչև նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ:

«Նման հանձնաժողով ձևավորելու որոշումը կապված է ՀՊՃՀ-ում նոր ուսումնական տարվանից պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմի ներդրման շուրջ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների անհամաձայնության հետ:

Հանձնաժողովում ընդգրկված են Արհեստակցական կազմակերպության նախագահը, բուհի երկու պրոռեկտորները, Ծրագրա-մեթոդական վարչության և Ֆինանսատնտեսագիտական վարչության պետերը, Ուսանողական խորհրդի նախագահը, աշխատավարձերի նվազման դեմ ստորագրահավաքի նախաձեռնողները և ՀՊՃՀ այլ աշխատակիցներ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Արա Ավետիսյան

Այս քայլը նույնպես դժգոհություն է առաջացրել Աշոտ Խաչատրյանի մոտ, ով կիրակի իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ:

«Վերը նշված հրամանի հիմքը թերի է նաև կազմի ձևավորման գործընթացի առումով: Հանձնաժողովի շատ անդամներ, այդ թվում նաև ես, իրազեկվում է նրա կազմում ընդգրկվելու մասին համացանցից: Թողնելով, մի կողմ հարցի էթիկական կողմը, փաստենք հետևյալը. անձը, առանց իր համաձայնության, ներգրավվել է հանձնաժողովի աշխատանքների մեջ: Դրան կարելի է տալ հետևյալ որակումը. ռեկտորը իր հրամանով պարտադրում է անձին կատարել հավելյալ աշխատանք, որը չի մտնում իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան անմիջական պարտականությունների մեջ: Դա ըստ իս աշխատանքային նորմերի կոպտագույն խախտում է», – պնդում է Խաչատրյանը:

Նա նաև ընդգծում է, որ իր համար անհասկանալի է «համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը» կապակցությունը:

«Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման գործընթացը առանց կառավարման խորհրդի, և ինչո՞վ է պայմանավորված ռեկտորատի և գիտական խորհրդի արտահերթ նիստերի հրավերը: Արդյո՞ք սա փորձ չէ ռեկտոր Ավետիսյանի կողմից, իր նախկինում միանձնյա կերպով ընդունած որոշումներին, ճնշելով ռեկտորատի և գիտական խորհրդի վրա, հաղորդել կոլեգիալ բնույթ:

Արհեստակցական միության ժողովից կոլեկտիվի անդամներից շատերի համար պարզ դարձավ, որ ռեկտոր Ավետիսյանը հակված չէ երկխոսության: Դրա մասին է ուղղակիորեն վկայում իր կողմից հապճեպ ձևակերպած կազմավորման հանձնաժողովի վերաբերյալ հրամանը: Հետևաբար, մեր կոլեկտիվը, պետք է վճռական, հետևողական և կազմակերպ լինի ռեկտոր Ավետիսյանին պաշտոնանկության հարցում` մասնակցելով կառավարման խորհուրդ հրավիրելու ստորագրահավաքին:

Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ռեկտոր Ավետիսյանը, պետք է, որ նոր հրաման արձակի հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող հրամանը չեղյալ համարելու համար: Ակնկալվող հրամանը ևս պետք է զետեղել համացանցում: Կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի տեսնել այդ նոր հրամանի հիմնավորում բաժինը», – ասում է Խաչատրյանը:

Աշոտ Խաչատրյան