Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի և Ֆրանսիայի մոտեցումներին։ Այս մասին News.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Եվրոպական խորհրդարանը «Արևելյան գործընկերության» վերաբերյալ բանաձև է ընդունել, որը ԵԽ մի քանի պատգամավորների ջանքերի շնորհիվ պարունակում է որոշակի հակասական ձևակերպումներ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ։
«Թեև վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության եւ եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար»,- ընդգծել է Քոչարյանը:
Տվյալ հարցի շուրջ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է, որ «Եվրախորհրդարանի բանաձևում առաջին անգամ է նշվում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, որոնք կոչ են անում անմիջապես դուրս բերել օկուպացիոն ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից ու ապահովել Ադրբեջանի սահմանների տարածքային ամբողջականությունը, ինքնավարությունն ու անձեռնմխելիությունը»:
Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ, ըստ որի՝ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ինչպես հայտնում է Contact.az կայքը, բանաձևի 16-րդ պարբերությունում նշվում է, որ «ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի մի մասնակից պետության կողմից այդ ծրագրի մեկ այլ մասնակից-պետության տարածքների օկուպացիան խախտում է «Արևելյան գործընկերության» հիմնարար սկզբունքներն ու նպատակները»:
Փաստաթղթում նաև նշվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի համաձայն ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի կողմից 1993 թվականին ընդունված համար 822, 853, 874 և 884 բանաձևերի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների, որոնք ներկայացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի եւ Ֆրանսիայի նախագահների՝ 2009 թվականի հուլիսի 10-ին կատարած համատեղ Աքվիլյան հայտարարության մեջ: