«Էմփիռեյ» ռոք խմբի արդեն նախկին մենակատար Սարգիս Մանուկյանը կես տարի առաջ տեղափոխվել է ԱՄՆ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նա բացատրել է իր որոշման պատճառները, խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակից:
«Ես գնացի, երբ հոգեբանական, սոցիալական, մշակութային, քաղաքական առումով ինձ համար ստեղծվեց ճահճային իրավիճակ։ Սոցիալական ասելով՝ ես նկատի չունեմ ֆինանսական վիճակը, այլ մթնոլորտի մասին եմ խոսում։ Այսինքն՝ ես զգում էի, որ գլխով բախվել եմ մի հաստ բետոնե պատի, ոտքերով էլ թաղվել եմ ճահճի մեջ», – ասել է Մանուկյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ում հույսով է Մանուկյանի նման քաղաքացիական կեցվածք ունեցող արվեստագետը թողել երկիրը, երաժիշտը հայտարարել է, որ ինքը չի կարծում, թե լքելու պահին երկիրը խելքի բերելու լծակներ կամ հնարավորություն ուներ:
«Ես չեմ համարում, որ մեր հասարակության մեջ, ցավով եմ դա նշում, կա այդ էներգիան։ Նույնիսկ եթե կա, ուրեմն այս պահին քնած է մի տեղ։ Մեր «հանճարեղ» քաղաքական ուժերը 15 տարվա ընթացքում վերջնականապես սպառեցին, մսխեցին այդ էներգիան, որը պետք է ուղղվեր մեր երկրի առողջացմանը։ Այսինքն՝ ամեն մեկն իր հերթին հինգ տարին մեկ եկավ, այդ կուտակված էներգիան մեկ կամ երկու ամսվա ընթացքում փշրեց, բաժանեց մասերի։ Ոչնչացրեց հույսի այն մի քանի բեկորները, թե հնարավոր է մեր երկրում փոփոխությունների հասնել։ Ուզում եմ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ հեռվից գնահատականներ եմ տալիս, որովհետև ես ներսում էլ եմ նույնկերպ արտահայտվել։ Այսինքն՝ բարոյական իրավունք ունեմ այսօր կարծիք ասելու։ Ես հեռվից էլ հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ամեն օր համոզվում եմ, որ հեռանալով չեմ սխալվել, որովհետև Հայաստանի մթնոլորտը մտածող մարդուն կարող է դարձնել ուղղակի հանցագործ, որովհետև դու հասկանում ես, որ ելք չունես, որովհետև դու գործ ունես հանցագործ մթնոլորտի հետ։ Իսկ հանցագործ մթնոլորտում չես կարող մտածելով կամ օրինական ճանապարհով բան փոխել», – ասել է Մանուկյանը:
Անդրադառնալով Շանթ Հարությունյանի նախաձեռնած պայքարին՝ երաժիշտն ասել է, որ «մենք կշահեինք, եթե շանթհարությունյաններ մի քիչ շատ ունենայինք»:
«Կարող է ինքն իր դրսևորման, արտահայտությունների մեջ մի քիչ վուլգար է, բայց համարում եմ, որ մեր հասարակությունն այսօր ավելի վուլգար ու լկտի է, քան փորձում էր նրան բնորոշել Շանթը: Այն, ինչ որ նա արեց, համարում եմ՝ ես էլ արեցի դրա մեկ այլ տարբերակը՝ գնալով: Ինքն ընտրեց այդ, ես ընտրեցի այս ճանապարհը: Չեմ բացառում՝ եթե Հայաստանում մնայի, այսօր կամ վաղը նույն բանը կփորձեի: Շանթը, կարծում եմ, ակցիա արեց ուղղակի: Բոլորս գիտակից մարդիկ ենք, հասկանում ենք, որ 20-30 հոգով հեղափոխություն չեն անում: Նա ավելի շատ ցույց տվեց այն նյարդը, որ կա հասարակության մեջ», – նշել է Սարգիս Մանուկյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Epress.am-ի Հ.Գ. Սարգիս Մանուկյանն ու «Էմփիրեյ» ռոք-խումբը վերջին անգամ ուշադրության կենտրոնում էր հայտնվել մարտին, երբ սկզբում համաձայնել, ապա հրաժարվել էր մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման կողմից հետընտրական շրջանում Ազատության հրապարակում կազմակերպվող համերգին:
Մանուկյանը պարզաբանել էր, որ երբ կազմակերպիչներն իրենց տեղեկացրել են, թե Ազատության հրապարակում յուրաքանչյուր շաբաթ անցկացվելու է ռոք փառատոն, իրենք սիրով ընդունել են հրավերը՝ կարծելով, որ փառատոնի ձևաչափում կլինեն նաև այլ ռոք խմբեր, հետո պարզվել է, որ երկրորդ խումբ այդ օրը չի լինելու:
«Երկրորդ խմբի բացակայության դեպքում մենք արդեն խնդիր ունեինք երկու ժամանոց ծրագիր նվագելու, իսկ մենք մոտավորապես 3-4 ամիս է՝ փորձ չենք արել: Իսկ ով մեզ լավ է ճանաչում, գիտի, որ Էմփիռեյը «պրոստո տակ» բեմ դուրս եկող խմբերից չենք: Մինչև համերգ 2-3 օր էր մնացել, հնարավոր չէր հասցնել 20-22 գործ բերել էն տեսքի: Դրա համար որոշում կայացվեց, որ ոււղղակի համերգը չկայանա», –ասել էր Սարգիս Մանուկյանը:
Սոցիալական ցանցերում շրջանառվող կարծիքները, թե Էփմիռեյն այս համերգից հրաժարվել է, որպեսզի հետագայում համերգի համար դահլիճ վարձակալելու խնդիր չունենա, Մանուկյանը որակել էր «պարապ մարդու բամբասանք» ու ասել էր, որ իրենք «խեղճացող չեն»:
«Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը նշել էր, որ չի հավատում, թե Մանուկյանը հրաժարվել է զուտ տեխնիկական պատճառներով: