Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները սեպտեմբերի 3-ից հետո հայտնվել են քաղաքական ու դիվանագիտական կիսաճգնաժամում: Չէի ասի, որ դրանք սառեցված են, բայց կողմերը դեռ պետք է մտածեն ու որոշեն՝ ինչպես հետագայում զարգացնել հարաբերությունները: Այս մասին Regnum գործակալության հետ զրույցում հայտարարել է Անվտանգության ուսումնասիրությունների փարիզյան ինստիտուտի ավագ վերլուծաբան, Մոլդովայի նախկին վարչապետի խորհրդական Նիկու Պոպեսկուն: Նրա խոսքով՝ Երևանի ու Բրյուսելի համար դժվար կլինի զարգացող համագործակցության նոր ձևաչափ գտնել:
«Միանշանակ կարելի է պնդել, որ Եվրամիությունը մտադիր չէ «խաչ քաշել» Հայաստանի վրա: Աշխարհի երկրների մեծ մասը Եվրամիության հետ որևէ Ասոցացման համաձայնագիր չի կնքել, սակայն Եվրոպան նրանց հետ կապ է պաշտպանում, հարաբերություններ հաստատում ու զարգացնում: Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին. Մաքսային միությանը միանալու մասին որոշումը չի նշանակում, որ Եվրոպան Երևանին այլևս չի հետաքրքրում: Պարզապես կողմերը դադար են վերցրել՝ շփման նոր անկյուններ գտնելու համար: Միևնույն ժամանակ, որոշակի կապեր, աղբյուրներ ու նախաձեռնություններ շարունակվում են օգտագործվել: Օրինակ, արդեն սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի մի փոքր ձևափոխված տարբերակը: Այնուամենայնիվ, հիմնական ուղղություններում՝ քաղաքականություն, տնտեսական հարաբերությունների ապագա ձևաչափ, երկկողմ հարաբերությունները սառել են: Դրանց վերսկսման համար ժամանակ կպահանջվի, ու ներկա դրությամբ հեռանկարների մասին խոսելը դեռ վաղ է»,- նշել է Պոպեսկուն:
Փորձագետի խոսքով՝ նշված դադարը կարող է Հայաստանին ու Եվրամիությանն օգնել հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված փակուղուց ու ինչպես առաջ շարժվել:
Իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակներից նա ընդգծել է, մասնավորապես, հետևյալը. Եվրամիությունը չի վերացնում Հայաստանի հետ Ասոցացման նախագիծը ու համբերատար սպասում է՝ երբ Երևանը կորոշի վերադառնալ իր մոտ: «Դա թույլ կտա հարաբերություններն ընթացքի մեջ պահել: Նման դիրքորոշումը ռազմավարական նշանակություն ունեցող արդյունքներ չի տա, բայց որոշ ընթացիկ պահեր ի վիճակի է լուծել: Ադրբեջանի օրինակով՝ Բաքու-Բրյուսել ասոցացում չի լինի, ազատ առևտրի գոտի չի լինի, սակայն առանձին, ասենք, էներգետիկ նախագծերի շուրջ համագործակցություն կզարգանա: Հայաստանը նույնպես իր սեփական շահերն ունի. Երևանը ցանկանում է առավելագույնս պարզեցնել վիզային ռեժիմը, ու այդ ցանկությունը կարող է դառնալ բանակցությունների յուրօրինակ «առիթ»,- նշել է վերլուծաբանը:
Նիկու Պոպեսկուն համոզմունք է հայտնել, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հետ կապված՝ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ կողմերի միջև որևէ լուրջ փաստաթղթեր չեն ստորագրվի:
Փորձագետը նշել է, որ Երևանի որոշումը, ընդհանուր առմամբ, անսպասելի չէր ոչ Երվոպայում, ոչ Ռուսաստանում. «Դա կանխատեսելի էր: Բայց այն, թե որքան հեռու էր Երևանը գնացել իր եվրաինտեգրման ձգտումներում, անակնկալ էր»:
Ըստ եվրոպացի վերլուծաբանի՝ այն որ Հայաստանի ու Եվրամիության մերձեցումը խախտվեց հենց այս փուլում, չի կարող կրկնօրինակվել «Արևելյան գործընկերության» մյուս մասնակիցների, մասնավորապես, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից: «Երևանի օրինակը չի կարող վարակիչ լինել: Հակառակը, Հայաստանն է մյուս երկրներից վարակվել եվրաինտեգրմամբ: Ամեն դեպքում, ԱՊՀ մյուս երկրները Ռուսաստանից այնպիսի կախվածության աստիճան չունեն, ինչը տեսել ենք Հայաստանի դեպքում: Հայաստանը կապված է ոչ միայն տնտեսական ու առևտրային հարցերով, այլև՝ անվտանգության, որը վճռորոշ գործոն է: «Արևելյան գործընկերության» երկրներից ոչ մեկը, բացի Հայաստանից, արտաքին թշնամի չունի, որի հետ հնարավոր հակամարտության դեպքում կարող է զգալ Ռուսաստանի օգնության կարիքը»:
Այն դիտարկմանը, որ անտվտանգության հարցում Հայաստանը հենվում է ԼՂ հակամարտության վրա, և որ այդ համատեքստում Մոլդովան ունի Մերձդնեստրը, իսկ Վրաստանը մտահոգված է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերով, Նիկու Պոպեսկուն նշել է, որ այդ հակամարտությունները տարբեր տարածաշրջանային լծակների դեր են կատարում. «Եթե ԼՂ հակամարտությունը Հայաստանում ընկալվում է որպես անվտանգության պոտենցիալ սպառնալիք, որը հաղթահարելու համար պետք է Ռուսաստանի օգնությունը, այսինքն մտերմացնում է Երևանին ու Մոսկվային, ապա մերձդնեստրյան հակամարտությունն ու Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերը հակառակ ֆունկցիա են կատարում՝ Մոլդովային ու Վրաստանին հեռացնում են Ռուսաստանից»,- կարծիք է հայտնել Պոպեսկուն: