«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը արձանագրում է Հայաստանի պետական իշխանության ամբողջական կոռումպացվածությունը։ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ փաստը նախկինում արձանագրվել է Կոնգրեսի մի շարք փաստաթղթերում: Այժմ էլ ՀԱԿ-ը ներկայացրել է ՀՀ կառավարությանն ուղղված Ազգային Ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության հարցապնդման մեջ:
ՀԱԿ-ը, մասնավորապես, ընդգծում է, որ, ի տարբերություն առանձին իշխանավորների՝ իրենց պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության լոկալ երևույթի, Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են։
«Բացի Հայ Ազգային Կոնգրեսից, երկիրը ճարակած համակարգային կոռուպցիան արձանագրում են նաեւ ուրիշները։ Բերենք մասնագետների և միջազգային կառույցների մի քանի գնահատականներ։
Աշխարհահռչակ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն հենց կոռուպցիան է համարում Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտը. «…խնդիրը, որ Հայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ քաղաքական է: Խնդիրը քաղաքականությունը սեփական քաղաքացիների պահանջներին ավելի համահունչ դարձնելն է: Այնպես, որ քաղաքական այդ գործընթացի միջոցով Հայաստանը դադարի լինել օլիգարխիա»…
…Միջազգային Gallup International կազմակերպության 2013թ. զեկույցում Հայաստանում կառավարության կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 74% է: Համեմատության համար նշենք, որ հարևան երկրներից Վրաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը կազմում է 25%, Թուրքիայում`53%, Ադրբեջանում՝ 62%…
…Բիզնեսի և կառավարությունների միջև գոյություն ունեցող կապերը խթանում են կոռուպցիան ու խաթարում են տնտեսական կայունությունը, ասված է Transparency International-ի զեկույցում, որը դիտարկում է իրադրությունը եվրոպական 25 երկրում…
…Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի պատճառած տարեկան վնասը գնահատել է Policy Forum Armenia ամերիկյան վերլուծական կենտրոնը, ըստ որի.
« …կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսային կետով։ Եվ Հայաստանի ՀՆԱ-ն, այսօրվա 10.5 միլիարդ դոլարի փոխարեն՝ կարող էր լինել ավելի քան 16.4 միլիարդ»», – PFA-ի փաստաթղթից հատված է մեջբերում ՀԱԿ-ը:
Հարցապնդման հեղինակները նշում են նաև, որ պետական եկամուտների հավաքագրման և բյուջեի ծախսերի տվյալների վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ յուրաքանչյուր տարի պետությունից հափշտակվում և կոռուպցիոն բուրգի գագաթը կազմող պետական բարձրաստիճան պաշտոնյաների գրպանն է հոսում ավելի քան 2.5 մլրդ. դոլար, այսինքն նույնքան, որքան երկրի պետական բյուջեն է:
Շարունակելով ներկայացնել կոռուպցիոն դրսևորման փաստերը՝ ՀԱԿ-ը անդրադարձ է կատարում նաև օֆշորային սկանդալին, որում հիշատակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը և «Արմավիա» ավիաընկերության սննանկացմանը: Փաստաթղթի հեղինակները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է ժամանակին ամենաեկամտաբեր և ամենամեծ հարկատու բնագավառը ներկայացնող կազմակերպությունը դարձել սնանկ:
«Արձանագրենք, որ «Արմավիան» տարիներ շարունակ համարձակություն է ունեցել չկատարել իր հարկային պարտավորությունները, այդ թվում սոցիալական վճարների և պետական տուրքերի մասով, և միայն այսօր հարկային մարմինները` արդեն դատարանում, փորձում են պաշտպանել պետության շահերը: Այս երևույթը դժվար է անվանել այլ կերպ, քան կառավարության միտումնավոր անգործության դրսևորմամբ «Արմավիա»-ի թույլ տված օրինախախտումների բացահայտ հովանավորչություն», – նշված է հարցապնդման մեջ:
Հարցապնդման ծավալուն մաս է կազմում պետական բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին հայտարարագրերին նվիրված բաժինը:
«Կառավարության, պետական իշխանության այլ մարմինների ղեկավարների, ինչպես նաև նրանց հարազատների՝ 2012-13թթ. եկամուտների հայտարարագրերի նույնիսկ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ տվյալ անձանց եկամուտների գոյացումը կարող էր հնարավոր լինել միայն հակաօրինական՝ կոռուպցիոն, կամ պետական հովանավորչության ներքո ձեռնարկատիրությամբ զբաղվելու պարագայում, քանի որ ստորև ներկայացված անձինք զբաղեցրել են բացառապես պետական պաշտոններ և պաշտոնական աշխատավարձով չէին կարող կուտակել նման հարստություն: Ստորև ներկայացնում ենք ընդամենը մի քանի օրինակներ.
1. Սերժ Սարգսյան – զբաղեցնում է ՀՀ Նախագահի պաշտոնը
Բանկային դրամական միջոցներ՝ 2011թ. -104 մլն դրամ, 2012թ.՝ 116 մլն դրամ, անշարժ գույք՝ շենք և շինություն՝ 96քմ, 8 մլն դրամը գերազանցող հնաոճ իրեր՝ 2012թ. Դրությամբ, կտավների հավաքածու՝ Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Եր. Քոչար, Կոջոյան, Աբեղյան, ժամանակակից նկարներ՝ 32 կտավ:
Ռիտա Սարգսյան՝ Սերժ Սարգսյանի կինը
Բանկային դրամական միջոցներ՝ 2011թ. – 112 մլն դրամ, 2012թ. – 117 մլն դրամ, նվիրատվություններ՝ 2011թ. – 8.5 մլն դրամ
2. Տիգրան Սարգսյան – ՀՀ վարչապետ
Դրամական միջոցներ՝ 2011թ. – 35 մլն դրամ, 859 հազար ԱՄՆ դոլար, 2012թ. – 12 մլն դրամ, 987 հազար ԱՄՆ դոլար, վերադարձված փոխառություններ – 45 մլն 750 հազար դրամ, բաժնետոմսեր – 6 մլն 336 հազար դրամ, անշարժ գույք` 2 բնակարան, 2 առանձնատուն, 1 ավտոտնակ, 1 հողամաս
Գոհար Սարգսյան՝ Տիգրան Սարգսյանի կինը
Դրամական միջոցներ՝ 2011թ. – 15 մլն դրամ, 128.900 ԱՄՆ դոլար
2012թ. – 15 մլն դրամ, 138.734 ԱՄՆ դոլար
3. Գագիկ Խաչատրյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ
Դրամական միջոցները՝ 2011թ. – 278 մլն դրամ, 2.980.000 ԱՄՆդոլար
2012թ. – չի ներկայացրել
Լաուրա Եփրեմյան՝ Գագիկ Խաչատրյանի կինը
Դրամական միջոցներ՝ 2011թ. – 188 մլն դրամ, 2.765.200 ԱՄՆ դոլար
2012թ. – չի ներկայացրել», – նշվում է հարցապնդման մեջ:
Նույնկերպ փաստաթղթի հեղինակները մեջբերում են նաև ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ունեցվածքի մասին տեղեկություններ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ընդհանրապես որևէ հայտարարագիր չեն ներկայացրել:
«Ի մի բերելով վերը ներկայացվածը անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին ներկայացնի հետևյալ հարցերի պատասխանները`
1. Ի՞նչու սույն հարցապնդման մեջ արձանագրված համակարգային կոռուպցիայի ընդհանրական պատկերը և մեջբերված առանձին դեպքերը չեն դարձել կառավարության քննարկման առարկա և ինչու որևէ քայլ չի ձեռնարկվել մեղավորներին պատժելու ուղղությամբ:
2. Ինչու՞ չի կատարվել ՀՀ Հակակոռուպցիոն Ռազմավարության` 2009-2012 թթ Ծրագիրը: Ինչու՞ որևէ տեղ հրապարակված չեն ՀՀ Հակակոռուպցիոն Ռազմավարության` 2009-2012 թթ Ծրագրի կատարման հաշվետվությունները (վերջին հաշվետվությունը վերաբերում է 2011թ-ի առաջին կիսամյակին): Ինչու՞ նշված խնդիրներին չի անդրադարձել բազմիցս թմբկահարված ՀՀ կառավարությանը կից գործող հակակոռուպցիոն խորհուրդը», – եզրափակում է փաստաթուղթը: