Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն դեռևս Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ հայտարարել էր, որ այն անարդյունք է լինելու:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չի լինի: Ադրբեջանական haqqin.az կայքի հետ զրույցում երկու երկրների հանդիպումից առաջ նման կարծիք էր հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
«Նրանք երկուսն էլ այս տարի լուծել են իրենց խնդիրներն ու պահպանել իրենց իշխանությունը. այժմ նրանք կարող են շարունակել ղեկավարել Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին: Այս նույն երգը դեռ հինգ տարի շարունակվելու է, որից հետո կողմերը կրկին կխստացնեն իրենց դիրքերը՝ հերթական ընտրություններից առաջ: Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս երկրների իշխանությունները չեն սկսել մտածել իրենց ժողովուրդների շահերի մասին: Առավելագույնը, որ կլինի այս բանակցություններից հետո՝ երկրների ղեկավարները իրենց ԱԳ նախարարներին կհանձնարարեն շարունակել բանակցությունները»,- նշել է Ալիզադեն:
Խոսելով բանակցությունների գործընթացում ԱՄՆ-ի ակտիվ դերի մասին՝ քաղաքագետը նշել է, որ դրանում էլ ոչ մի սենսացիա չի տեսնում:
«Քերին (Ջոն Քերին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը – խմբ.) կարող է Սարգսյանին ու Ալիևին 20 անգամ զանգահարել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Բոլորին հայտնի է՝ ով է կանգնած այս խնդրի հետևում ու ովքեր են խամաճիկավարները: Մենք բոլորս տեսանք, թե Պուտինն ու Սարգսյանը Մաքսային միության շուրջ ինչպիսի կատակերգություն խաղացին: Վախենալով Պուտինից՝ Սարգսյանը բառ անգամ չի համարձակվի արտասանել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Դա Ռուսաստանի արտոնությունն է, ու այդ հակամարտությունը նրան անհրաժեշտ է՝ տարածաշրջանում վերահսկողությունը պահպանելու համար: Այնպես որ, մենք դեռ շատ անարդյունք հանդիպումներ կտեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև»,- ասել է Ալիզադեն:
Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «երկու երկրների նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»: