Ագարակի բնակիչ Միխայիլ Վարդանյանը 2013 թվականի հուլիսի 19-ի գիշերը շենքի մուտքի մոտ խոհանոցի դանակով մոտ 18 հարված է հասցրել իր կնոջը՝ սպանելով նրան: Սպանության դեպքին և դրա քննության մասին մանրամասներին է անդրադարձել «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման խումբը:
Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչ Հերմինե Միքայելյանը նշում է, որ ամբաստանյալը քննության ընթացքում խոսել է սպանության պատճառի մասին՝ ասելով, որ կինը թեթևաբարո էր, աշխատանքից ուշ էր վերադառնում ու 4 անչափահաս երեխաներին չէր հետևում:
Մինչդեռ տուժածի իրավահաջորդները պատմել էին, որ Վարդանյանը միշտ «վեճեր էր սարքում», քանի որ խմիչքի հակում ուներ:
Միխայիլ Վարդանյանի մայրը՝ Նադեժդա Վարդանյանն ասել է, որ իր հարսը՝ Նելլին, անբարո կանանց ընտանիքից է եղել, և ամուսնացել է իր որդու հետ, երբ 16 տարեկան էր:
«Առաջին 2 տարին համեմատաբար համերաշխ էինք ապրում, վիճաբանությունները սկսվեցին, երբ Նելլիի մայրը առաջարկեց գալ ու ապրել իր քրոջ տանը։ Մի խոսքով՝ գնեցինք էդ տունը, բայց ոչ փաստաթղթերով։ Այդ օրվանից էլ սկսեցին տղայիս մեջ ատելություն սերմանել իր մոր դեմ։ Նրանք առանձին էին ապրում, բայց ես տեսնում էի, որ անհաշտ են։ Անընդհատ վեճեր տարբեր հարցերի շուրջ, փոխզիջման չէին գնում։ Տղաս աշխատում էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ու ստացած գումարով էլ տունը պահում։ Նույնիսկ բարեկարգեց բնակարանը։ 5 տարի ապրեցին այդ տանը, սակայն 4 անչափահաս երեխաները գրեթե միշտ փողոցում էին լինում՝ բարձիթողի։ Երեխաները խանութներից գողություն էին անում, որ գոյատևեն։ Նելլին մատուցողուհի էր աշխատում, ուշ վերադառնում էր, իսկ երեխաներին հետևող չկար։ Տղայիս անհարգալից էին վերաբերվում, իսկ վերջին ժամանակները նրանք անընդհատ բաժանվում ու միանում էին: Որդուս աշխատանքի վայրում, դրսում անընդհատ ասում էին՝ կինդ քեզ դավաճանում է, բայց նա չէր հավատում: Մի օր էլ փաստերով նրան ապացուցեցին, որից հետո տղայիս տնից դուրս հանեցին։ Ապրում էինք վարձով։ Սպանության օրը տղաս եկավ տուն, ճաշեցինք, քրոջն ասաց «սուրճ տուր» ու մեկ էլ տեսնենք՝ չկա, հետո դեպքը կատարվեց»,- ասում է ամբաստանյալի մայրը։
Սպանված Նելլի Աղայանի մայրը՝ Եփինար Մկրտչյանը պատմել է հետևյալը. «Աղջիկս վախով էր ապրում հետը, ինչ-որ բան դուրը չէր գալիս, հարվածում էր։ Խմած մարդու հետ ի՞նչ գլուխ դներ։ Մի օր էլ բազկաթոռին Նելլին նստած էր, չեմ հիշում, ինչ ասեց, Միխայիլը մոտեցավ ու հարվածեց։ Մի քանի անգամ էլ ինձ է հրել, գցել»:
«Աղջիկս մի օր հյուր էր գնացել, եկավ ամուսնուն ասեց, որ շատ համերաշխ ընտանիքներ են լինում, որտեղ զգացվում է, որ ամուսինները իրար սիրում են, այ էդպիսի ընտանիք պետք է լինենք, Միշան ասեց՝ աչքիս վզիդ շղթան երկարելա, շատ բան չե՞ս ուզում։ Միխայիլը երբեք էլ կայուն աշխատանք չի ունեցել, ընդամենը մի քանի օր է աշխատել Ագարակի կոմբինատում։ Աղջիկս միշտ խանութներից պարտք էր անում, երեխեքին էլ կոկիկ ու մաքուր էր պահում։ Իսկ ամուսինը սրան-նրան պարտքով փող էր տալիս։ Ու միշտ Միխայիլը աղջկաս էր ստիպում, որ իր համար գործ գտնի, մարդկանց զանգի, բարեխոսի, որ գործի ընդունեն։ Նելլիս հոգնել էր։ Այդ օրը՝ հուլիսի 19-ի գիշերը, լուսամուտից տեսա, որ աղջիկս աշխատանքից վերադառնում է։ Սպասեցի, տեսա ուշանում է, մեկ էլ բարձր բղավոց լսեցի, իջա շենքի մուտքի մոտ, արյունը, որ չտեսա, բղավեցի՝ Նելլի, բայց նա արդեն մահացած էր: Հարևանների օգնությամբ տեղափոխեցինք հիվանդանոց։
Աղջիկս վախով էր ապրում, մի քանի անգամ դիմել է ոստիկանությանը, ամուսնուն կանչում էին, զգուշացնում, բայց…..»։
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն տեղեկացել է, որ մի քանի անգամ Նելլի Աղայանը դիմել է ոստիկանությանն՝ ասելով, որ չի ցանկանում ամուսնու հետ ապրել, չի ուզում, որ նա իր հետևից գա։ Ոստիկանությունում պատասխանել են՝ «դիմեք դատարան»։ Գործի դատավարությունը շարունակվում է: