Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը պնդում է, որ եզդի ժողովրդին վիրավորելու նպատակ չի ունեցել և դեմ չէ նրանց: Այս մասին Բադեյանն ասել է news.am-ի թղթակցին:
Նա պարզաբանել է, որ նկատի չուներ եզդի ժողովրդին, այլ նկատի ուներ այն եզդիին, ով, օրինակ, փողոց է մաքրում և ումից չես կարող գրագիտություն պահանջել, «ասել եմ փողոց մաքրողի իմաստով, ոչ թե եզդի ժողովրդի իմաստով, բա ինչի՞ մինչև վերջ չի գրել»:
«Դա մասնավոր խոսակցություն էր, ինչի՞ են սարքել հրապարակման առարկա, դա բացարձակապես մասնավոր խոսակցություն էր, տպագրության համար նախատեսված չէր, գործ սարքողների նման վիժվածք են, դրա համար էլ էդպես է, այ դա կարող եք հրապարակել, որ ես իրենց վիժվածք եմ համարում, իսկ եզդիների նկատմամբ որևէ վատ բան չունեմ: Մասնավոր խոսակցություն էր, որը որևէ կապ չունի իմ ինտերվյուի հետ, վերցնում, հրապարակում են»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ լրագրողներին վիժվածք ասելուց հետո հիմա էլ նրանք իրենից կնեղանան, պատգամավորը կրկնեց իր միտքը՝ «իհարկե, այդպիսի պահվածք ունեցողը վիժվածք է, ես դրանից չեմ ամաչում»:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողը հարց է ուղղել Բադեյանին՝ արդյոք նորմալ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը ռուսերեն լեզվով է հեռարձակվում։
«Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում», – հայտարարել է Բադեյանը՝ հավելելով, որ «էդ հաղորդման աշխատանքային լեզուն ռուսերենն ա»:
Բադեյանի խոսքերից վրդովված, «Սինջար» եզդիների միավորման անդամները երեկ Ազգային ժողովի մոտ ակցիա էին անցկացրել՝ պատգամավորին զուգարանի թուղթ ու ավանակի պատկերով նկար ուղարկելով:
Լուսանկարը՝ News.am