Համահայկական բնապահպանական ճակատը բողոքարկում է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծման, փորձաքննության և շինարարության ընթացքում թույլ տրված ակնհայտ իրավախախտումների վերաբերյալ քրեական գործի հարուցման մերժումը:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ճակատը կրկին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և տեղեկացրել, որ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հողաշինարարական աշխատանքները փաստացի կատարվել են Իջևանի արգելավայրերի և Իջևանի անտառտնտեսության անտառապատ տարածքում, ինչը ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունները զարմանալիորեն չեն պարզել:
Նամակում, մասնավորապես, ասված է, որ դիմումներ ներկայացնելուց միայն 5 ամիս անց` 2013թ․ հոկտեմբերի 21-ին, Տավուշի մարզի դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը՝ պատճառաբանելով, որ անտառային ֆոնդին վնաս չի հասցվել:
«Մեր կողմից Տավուշի մարզի ոստիկանությանը ներկայացված բոլոր տեսանյութերում և լուսանկարներում ակնհայտ երևում է, որ 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հողաշինարարական աշխատանքներ իրականացնելու և խողովակաշարեր անցկացնելու համար, «Մեգաէներջի» ՍՊԸ-ն, ծանր տեխնիկայի միջոցով մուտք է գործել արգելավայրի անտառային հատված, արմատախիլ արել մեծ թվով ծառեր, վնասել է հողի բերրի շերտը, խախտել լանդշաֆտը և զգալի վնաս տվել շրջակա միջավայրին: Ի դեպ, այդպիսի գործողություններն ընդհանրապես նախատեսված չեն եղել «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից մշակված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծում և դրա բնապահպանական մասում: Ընդհակառակը, նախագծում նշված են եղել ակնահայտ կեղծ տեղեկություններ, որ տարածքում ընդհանրապես ծառեր չկան, մոտակայքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքները, իսկ խողովակաշարն անցնելու է ավտոճանապարհին զուգահեռ։ Սակայն այս փաստերն ու ապացույցները ոստիկանության և դատախազության կողմից հաշվի չեն առնվել: Այդ ակնհայտ խախտումները բերեցին նրան, որ Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության արդարացի և իրավաբանորեն հիմնավորված բողոքների արդյունքում, ՀՀ բնապահպանության նախարարը ստիպված եղավ գնալ աննախադեպ քայլի` 26.10.2012թ. հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած ճանաչեց (չեղյալ համարեց) «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:
Այնուհետև ակնհայտ իրավախախտում կատարած և իրականությանը չհամապատասխանող նախագիծ ներկայացրած «ԷՌԱ» ՍՊԸ-ն, պատասխանատվության կանչվելու փոխարեն, ներկայացնում է նոր` փոփոխված նախագիծ: Այդ նախագիծը երկար պատմություններից հետո 2013թ մարտ ամսին ստանում է դրական եզրակացություն», -ասված է հայտարարություն մեջ:
Նախաձեռնությունը պնդում է, որ այս գործում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 27 և 28 գլուխներով նախատեսված հանցագործության հատկանիշներ, մասնավորապես, հողը փչացնելու, ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատելու, պաշտոնական լիազորությունը չարաշահելու հոդվածներով: