Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) վիլնյուսյան գագաթնաժողովը գնահատում է որպես կարեւոր իրադարձություն, որը հնարավորություն ընձեռեց «վերանայել իրողությունները», հստակ և համարժեքորեն ձևակերպել ինչպես գործընկեր յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Եվրոպական միության ձեռքբերումները, անհաջողությունները, հավակնություններն ու պատասխանատվության աստիճանը:
Այս մասին ասված է ՔՀՖ ՀԱՊ տարածած հայտարարության մեջ։
Հայատարարության հեղինակները նշում են, որ գագաթնաժողովը վերջնականապես արձանագրեց ԵՄ հետ Ասոցացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վերջին տարիների քաղաքականության ձախողումը:
ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, որի համակարգողը Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն է, նաև հայտարարում է, որ՝
ԱլԳ վիլնյուսյան գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթում հնչած՝ մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմության հավաստիացումները վերջին իրադարձությունների լույսի ներքո արժանահավատ չեն։
ՀՀ ղեկավարության վերջին ամիսների պահվածքը ոչ մի կերպ չի համապատասխանում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի համատեղ հայտարարությունում տեղ գտած՝ քաղաքացիական հասարակության ամրապնդման կարեւորության ճանաչմանը։
Ոչնչով չի հաստատվում ՀՀ իշխանությունների համաձայնությունը 2013թ. դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստից հետո Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կատարած այն հայտարարության հետ, որում կարևորվում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դերը բարեփոխումների մոնիտորինգում։
Հաշվի առնելով վերոհիշյալը և ԱլԳ շրջանակներում Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ձևաչափի և բովանդակության վերաբերյալ նոր մոտեցումների մշակման իրողությունը, Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից պահանջում է մինչև 2014թ. հունվարի վերջն ընկած ժամանակահատվածում մասնակցել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի նիստին, որի ժամանակ՝
– կոնկրետ հիմնավորումներ ներկայացնել՝ եվրաինտեգրման ուղին եվրասիականով փոխարինելու, Մաքսային միությանը միանալու վերաբերյալ որոշման սահմանադրականության, ինչպես նաև ՀՀ ներկայիս արտաքին քաղաքական ուղղության պարագայում Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխիքները,
– քննարկել և կոնկրետացնել ՀՀ կառավարության եւ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համագործակցության, ներառյալ՝ «կառուցվածքային երկխոսության» գաղափարի և ԵՄ կողմից Հայաստանին բյուջետային աջակցության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները։
«Նշված պահանջների անտեսումը ՀԱՊ-ը գնահատելու է որպես ՀՀ իշխանությունների կողմից վերջնական հրաժարում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսությունից և երկրում բարեփոխումներն առաջ տանելու հնարավորությունը կապելու է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով ՀՀ իշխանափոխության հետ։
ԵՄ-Հայաստան հարաբերությունների հնարավոր նոր ձևաչափի հստակեցման պարագայում Եվրամիության կառույցներին կոչ ենք անում՝
– դասեր քաղել նախկին փորձից և Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել պարտավորությունների անվերապահ կատարման հիման վրա, բացառելով երկակի ստանդարտների կիրառումը և խստորեն հետևելով «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքին,
– հետևողականություն հանդես բերել բարեփոխումների արդյունավետության գնահատման և, մասնավորապես, Եվրամիության կողմից հատկացված օգնության օգտագործման մոնիտորինգում քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածություն հարցերում։
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսլականին և վճռականությունը՝ հանդես գալ որպես ՀՀ իշխանությունների ընդդիմախոս՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում։ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պատրաստ է օգտագործել իր ամբողջ ներուժը՝ Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի օրակարգին վերադարձնելու համար: Այդ նպատակով ՀԱՊ-ն իրազեկման լայնածավալ աշխատանք է իրականացնելու եւ պատրաստ է համագործակցել քաղաքական եւ քաղաքացիական այն բոլոր կառույցների հետ, որոնք կիսում են ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մոտեցումներն ու նպատակները», – հայտարարությունը եզրափակում է ՔՀՖ ՀԱՊ ներկայացուցիչները: