ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը դեմ է Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու որոշմանը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ մեկնաբանելով Աճեմյանի հայտարարությունները։
«Ընդհանրապես մշակույթը շատ քաղաքային երևույթ է», «Մաշկույթը այն ոլորտն է, որը պետք է լինի քաղաքում՝ կենտրոնում», – երեկ նման տեսակետ է հայտնել Կարինե Աճեմյանը՝ խոսելով Մշակույթի նախարարությունը Երևանից Գյումրի տեղափոխելու մասին:
Թերթը նշում է, որ, Աճեմյանի տրամաբանությամբ, Հայաստանն ունի մեկ «քաղաք», և դա Երևանի փոքր կենտրոնն է:
«Նոր Նորքը, էրեբունին կամ Շենգավիթը քաղաք չեն, ուր մնաց Գյումրին: Կարինե Աճեմյանը կրթություն է ստացել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, բայց թերևս բաց է թողել երաժշտության պատմության դասերը, այլապես կիմանար, թե ինչ հետք է թողել արհեստների և արվեստների քաղաք Գյումրին մեր երաժշտական պատմության մեջ:
Եթե օպերան Աճեմյանի համար մշակույթ է, ապա 1912 թ., առաջին անգամ Հայաստանում, Գյումրիում է բեմադրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որով դրվել է ազգային օպերային թատրոնի հիմքը:
Աճեմյանը ավարտել է նաև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը ու թերևս բաց է թողել նաև թատրոնի պատմության դասերը, այլապես կիմանար, որ առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում բեմադրվել են դեռևս 1865 թ-ին․․․ Այլ բան, եթե Աճեմյանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին տարիներին ջանք չի խնայել՝ Գյումրին մոռացության տալու, մշակութայինից մռայլության և աղքատության քաղաք դարձնելու համար: Գյումրու ավանդույթների վերածնունդն այս իշխանություններին պետք չէ:
Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու առիթով, ասում են, նախարարությունում խուճապ է, այնտեղ այս գաղափարը չեն ողջունում՝ իրենց դիրքորոշումը պատճառաբանելով ամեն օր Երևանից մարզ մեկնելու դժվարությունների հետ: Կասկած չկա, որ եթե նախարարությունը տեղափոխվեր ոչ թե աղքատ Գյումրի, այլ կուրորտային Դիլիջան, ինչպես Կենտրոնական բանկի պարագայում, ապա նախարարից մինչև ամենաստորին դասի չինովնիկը հաճույքով «կողմ» կլինեին:
Հայաստանում պետական աշխատանքը երբեք չի դիտվել որպես ծառայություն պետությանն ու հայրենիքին: Այն առաջին հերթին Երևանի կենտրոնում, տաքուկ սենյակներում փափուկ աթոռներին հետույքը գամելու հնարավորություն է՝ իր բոլոր հետևանքներով: Ապրել Գյումրիում՝ նշանակում է Հայաստանի բոլոր դժվարությունները զգալ մաշկի վրա», – գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում
Լուսանկարը՝ hayeli.am