Տիգրան Առաքելյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել նրա և նույն գործով անցնող Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մյուս երեք ակտիվիստների՝ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի բողոքը, որով նրանք պահանջել էին բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումն ու իրենց արդարացնել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանը երկու տարի բանտում անցկացնելուց հետո համաներմամբ ազատ է արձակվել 2013-ի հոկտեմբերին:
Բայց Վերաքննիչ դատարանը չի արդարացրել ո՛չ նրան և ո՛չ էլ մյուս երեք ակտիվիստներին. նրանք մեղավոր ճանաչվեցին՝ երկուսը՝ խուլիգանության և ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, մյուս երկուսն էլ` խուլիգանության մեջ։ Վճռաբեկ դատարանն էլ օրերս վերադարձրել է Վերաքննիչ դատարանի վճռի դեմ ակտիվիստների բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Տիգրան Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ Եվրադատարան «անպայման» դիմելու է։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս գործով կայացված բոլոր դատավճիռներն ու որոշումները դիտարկում էր քաղաքական պատվերի շրջանակներում:
«Սա այն հերթական գործերից էր, որտեղ «արդարադատությունը» իրականացվում էր քաղաքական իշխանությունների կաբինետներում, և թե՛ առաջին դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը բեկանեց դատական ակտը, թե՛ երկրորդ դեպքում, երբ ետ վերադարձրեց դիմումը՝ համարելով անհիմն, արդարադատության հետ աղերս չունեցող որոշումներ են դրանք և քաղաքական իշխանության կողմից կայացված որոշումներ են։ Իհարկե, անակնկալ կլիներ՝ շատ մեծ անակնկալ, եթե վարույթ ընդունվեր, և կայացվեր արդարացի որոշում», – ասել է Արմեն Խաչատրյանը։
Վերաքննիչ դատարան ուղարկված բողոքի մեջ նշված էր, որ վերջին չորս տարիներին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածը կիրառվել է 30 անգամ ավելի, քան Հայաստանի անկախության հռչակումից ի վեր մնացած բոլոր 17 տարիներին, ընդ որում՝ այն կիրառվել է ճնշող մեծամասնությամբ միայն քաղաքական հակառակորդների կամ նրանց պաշտպանող անձանց դեմ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, իրենց պնդմամբ, այդ ցուցանիշները ի՞նչ են վկայում, Արմեն Խաչատրյանը պատասխանել է․ «Ոստիկանները խոչընդոտել են, ոստիկանները բռնություն են գործադրել, բայց, որպես կանոն, շինծու գործերը հարուցվել են այդ հոդվածով: Դա ամենահարմար հոդվածն էր մեր գործընկերներին մեղադրանք առաջադրելու համար, քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար»: