Ավելի քան մեկամսյա ընդմիջումից հետո ԱԺ-ն արդեն 2 օր է` վերսկսել է աշխատանքները, և այդ ընթացքում ոչ կոալիցիոն ուժերն օրենսդիրում բարձրացրել են հանրային կարևորություն ունեցող մի քանի հարցեր, մասնավորապես, կենսաթոշակային համակարգի և Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերը քննող հանձնաժողով ստեղծելու խնդիրները:
Կոալիցիայի ներկայացուցիչների ելույթները, սակայն, խիստ անտրամաբանական էին թվում․ դրանք հաճախ բացարձակապես կապ չունեին քննարկվող արդիական խնդիրների հետ, աչքի էին ընկնում էմոցիոնալ որակումներով, ճոխ ու ոչինչ չասող արտահայտություններով` 5-6-րդ դասարանների աշակերտների շարադրությունների մակարդակի:
Դեռևս քննարկումների ժամանակ պարզ էր դարձել, որ ՀՀԿ-ականներին քննարկման բուն առարկան, օրինակ, գազի ու կենսաթոշակային համակարգի խնդիրն այդքան էլ չի հուզում. նրանք սպասում էին իրենց աստեղային ժամին։ Իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոմանք փորձում էին ապացուցել, որ գազային պայմանագրերի հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։ Գագիկ Մինասյանն էլ հայտարարեց, թե գազի համար բնակչությունը շատ է վճարում, քանի որ դրսում ջերմաստիճանը ցածր է։
Հայտարարությունների ժամը ՀՀԿ-ականները հիմնականում օգտագործեցին հայրենասիրական ճառեր արտասանելու համար:
Հիմնական թիրախը Ադրբեջանն էր։ Այդ երկրում տիրող վիճակը նկարագրելու և երկրի իշխանություններին քննադատելու համար ՀՀԿ-ական պատգամավորները տարբեր մեթոդներ էին ընտրել: Ոմանք համեմատում էին հայ ազգի «արժանապատիվ արծիվներին» ադրբեջանցի «ճիճուների» հետ, ոմանք ավելի ռացիոնալ, աշխարհքաղաքական վերլուծություններ էին ներկայացնում՝ ապացուցելու, որ Ադրբեջանը, շնորհիվ ՀՀ նախագահի ճկուն քաղաքականության, հայտնվել է փակուղում ու վաղ թե ուշ պետք է հաշտվի Արցախի Հանրապետության գոյության հետ:
Ելույթ ունեցող ՀՀԿ-ականները նախ հայտարարում էին, որ խոնարհվում են Արմեն Հովհաննիսյանի սխրանքի առջև:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, մասնավորապես, նշել է, որ «հայ մայրերի կողմից դաստիարակված արժանապատիվ հայորդիները ապրում, արարում են հանուն իրենց երեխաների, հանուն բարօրության և ոչ երբեք ընդդեմ ինչ-որ մեկի»:
«Վերջին ժամանակների իրադարձությունները կարծես շոկի մեջ են գցել Ադրբեջանին. Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես անկախ ինքնիշխան պետություն, Արցախը հռչակվել է ավելի ժողովրդավար, «Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան իրավապաշտպան հայտնի կազմակերպությունը Ադրբեջանը որակել է որպես «անազատ» երկիր` դասելով նրան այն պետությունների շարքին, որտեղ «բացակայում են հիմնական քաղաքական սկզբունքները, ժողովրդավարությունը, իսկ քաղաքացիական ազատությունները զանգվածաբար և պարբերաբար ոտնահարվում են»։ Վերջերս նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը ուսումնական ծրագրերում ներառելու մասին բանաձևը: Ահա թե որն է ադրբեջանական հիստերիայի պատճառը»,- ասել է նա:
ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը նման մի ելույթ է ունեցել՝ հարևան երկրի բնակիչներին համեմատելով բորենու ոհմակի հետ, խոսել նրանց արնատենչ լինելուց: Վարդապետյանի ելույթն այնքան երկար է տևել, որ ԱԺ ՀՀԿ-ական նախագահ Հովիկ Աբրահամյանը անջատել է նրա խոսափողը, ինչը զվարճացրել է անգամ հեռուստատեսությունների լրագրողներին:
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ավելի շատ խոսել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունից: Զաքարյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, թե Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամագրվելուն։ Պատգամավորի խոսքով՝ դա Հայաստանի արտաքին քաղաքականությանը վնասելու միակ տարբերակը կլիներ, քանի որ Արևմուտքի հետաքրքրությունը նավթային ռեսուրսների նկատմամբ նվազել է:
ՀՀԿ-ականներից որոշել է հետ չմնալ ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, ով հայտարարությունների ժամին խոսել է Թուրքիայում տեղի ունեցող ներքին զարգացումներից:
Արագած Ախոյանը, մասնավորապես, ասել է. «Բոլորովին վերջերս` Օջալանի կողմից հայությանն ուղղված հայտարարությունը, Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցի միջոցառումները, «Արևմտահայոց Ազգային Համագումար»-ի և «Անկարայի խոսքի ազատության հարթակ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ֆորումի ժամանակ մեր ներկայությամբ հրապարակված թուրք մտավորականների պահանջները ցույց տվեցին, թե Թուրքիայում ինչպիսի պարարտ հող կա Արևմտահայոց պահանջատիրության հեռանկարի համար։ Անշուշտ, Թուրքիայի պետության կողմից այս ամենի հանդուրժումը, քուրդ ազգայնականների կողմից հայկական հարցն իրենց նպատակներին ծառայեցնելու միտումը և Թուրքիայում հզոր ազգայնամոլական հոսանքների առկայությունը մեզ հրավիրում են լինել ավելի զգոն և զգույշ։ Հարևան Ադրբեջանի կողմից Թուրքիայում ծախսվող ահռելի գումարների դիմաց, մենք ունենք հայկական ցեղասպանությունը վերապրած լինելու ազգի հզոր ներուժը: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մնացել է ընդամենը 15 ամիս, Ազգային ժողովի այս ամբիոնից ես այսօր կոչ եմ անում մեր իշխանություններին, մեր պետության օրենսդիր և գործադիր մարմիններին օգտվել, անհապաղ միջոցներ ձեռնարկել օգուտ քաղել Թուրքիայում գործող պատասխանատու և կայացած քաղաքացիական շրջանակների գործունեությունից»:
ՀՀԿ-ական, իսկ երբեմն էլ ոչ ՀՀԿ-ական պատգամավորներից մենք շատ բան իմացանք Թուրքիայի և Ադրբեջանի մասին։ Հավանաբար, որովհետև գազի դիմաց մուծումները և կենսաթոշակայինի պարտադիր վճարը նրանց համար խնդիր չէ։
Քնար Խուդոյան