Home / Հայաստան / Փոխքաղաքապետը վթարայինի բնակիչներին մեկ այլ վթարայինի ընտանիքների բնակարաններն է խոստացել

Փոխքաղաքապետը վթարայինի բնակիչներին մեկ այլ վթարայինի ընտանիքների բնակարաններն է խոստացել

Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների պահանջով շենք այցելած փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն այսօր խոստացել է առավել վթարային հատվածում բնակվող 5 ընտանիքի վերաբնակեցնել Սիսակյան 22 հասցեի նորակառույց շենքում, եթե Շինարարների 15 հասցեի ընտանիքները հրաժարվեն իրենց հասանելի բնակարաններից։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է շենքի բնակչուհի Լիլիթ Քոչարյանը:

Նշենք, որ Սիսակյան 3-ի բնակիչները բողոքում են քաղաքապետարանի կողմնակալ գործունեությունից, ինչի արդյունքում բնակարանով էին ապահովվել ոչ թե վթարային հատվածի, այլ շենքի հակառակ թևի բնակիչները՝ «մնացածներին էլ ասում է՝ «սպասեք՝ մինչև 2015 թվի մայիսը, բնակարանի հարցերը կլուծենք»։

Բողոքող բնակիչների խումբն օրեր առաջ Բաղրամյան 26-ից պահանջել էր փորձագիտական հանձնաժողով կազմել՝ համոզվելու համար, որ բնակարանների սխալ բաշխում է տեղի ունեցել։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր քաղաքապետարանի և նախագահականի մի խումբ ներկայացուցիչներ եղել են իրենց շենքում, որի վթարային հատվածում վերջին օրերին մի քանի անգամ փլուզումներ են տեղի ունեցել։

«Նիկոյանը մի խումբ աշխատակիցների հետ եկավ, ուսումնասիրեց տարածքը, բոլորն էլ տեսան, որ փլուզումների պատճառով ԱԻՆ-ը շենքի բակը լենտերով փակել է։ Համոզվելով, որ իրոք անելանելի վիճակում ենք հայտնվել, տարբերակ առաջարկեց։ Նա ասաց, որ Շինարարների 15 հասցեում մնացած 5 ընտանիքները հրաժարվել են վերաբնակեցումից, ուստի թափուր բնակարանները կարող են տրամադրվել մեզանից 5 ընտանիքի։ Փոխքաղաքապետը նաև նշել է, որ անձամբ կանչելու է վերը նշված հասցեի բնակիչներին և հարցին վերջնական լուծում է պահանջելու՝ կամ բնակիչները տեղափոխվում են, կամ շարունակում են հրաժարվել և կորցնում են բնակարանները», – նշել է Քոչարյանը։

Ավելի վաղ մեր թղթակցի հետ զրույցում Շինարարների 15 հասցեի բնակիչ Անուշ Գասպարյանը պատմել էր, որ իրենց պարագայում քաղաքապետարանն «ակնհայտ խախտումներով էր վերաբնակեցրել շենքի բնակիչներին»։

«Սիսակյան 22 հասցեում ինձ հատկացրել է պակաս քառակուսիներով բնակարան, մինչդեռ շենքի մի շարք բնակիչների ավել քմ-ով բնակարաններ է տվել։ Փաստաթղթեր կեղծելով՝ բերել, մարդկանց գրանցել են մեր շենքում, ապա վերաբնակեցրել նորակառույցում։ Բնականաբար, փոքր բնակտարածքի պայմանները չընդունելով՝ մեր և ևս մեկ ընտանիք չի համաձայնել դուրս գալ շենքից», – նշել էր Գասպարյանը, ապա ավելացրել, որ իրենք դատական հայց են ներկայացրել քաղաքապետարանի դեմ։

Այսօր Epress.am-ը հարցրել է Գասպարյանին, թե ինչպես են իրենք վերաբերվում Նիկոյանի մտադրությանը։ Գասպարյանը տեղյակ չի եղել՝  փոխքաղաքապետը նման խոստում է տվել։

«Բավական չէր քաղաքապետարանի անարդար բաշխումը, այժմ էլ սպառնալիքի լեզուն է։ Թող Նիկոյանը բարի լիներ, գոնե մեկ անգամ մեզ ընդուներ ու լսեր մեր պահանջները, հետո որոշում կայացներ։ Անկեղծ, այս պահին ոչինչ ասել չեմ կարող», – նշել է մեր զրուցակիցը և հավելել, որ քաղաքապետարանն էլ իր հերթին դատական հայց է ներկայացրել շենքում մնացած ընտանիքների դեմ։