Ուկրաինայի ներկայիս լեգիտիմ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Շահնազարյանի կարծիքով՝ այժմ կոնֆիդենցիալ մակարդակով ինտենսիվ երկխոսություն է գնում Ռուսաստանի և Արևմուտքի, Ռուսաստանի և ԱՄՆ միջև. «Ամեն ինչ կախված է նրանից, թե մոտ ապագայում ինչ համաձայնության կգան: Ռուսաստանն, ըստ էության, փորձ է անում ձևավորել նոր աշխարհակարգ»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ճիշտ է համարել այն, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի մեկնաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ «ինչպիսի Ուկրաինա էլ ձևավորվի, Հայաստանը շարունակելու է փոխհամագործակցությունը»:
«Թող շարունակենք պահպանել այսպիսի լռություն»,- ասել է քաղաքագետը:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն առանց ազդեցության չեն թողել նաև Կովկասը: « Ազդեցություն, իհարկե, կա: Հետևելով ադրբեջանական հրապարակումներին հասկանում ես՝ սկզբում Ադրբեջանը էյֆորիայի մեջ էր, հիմա էլ խուճապ է, – ասում է Իսկանդարյանը,- պարզապես պետք է հասկանանք նաև, որ Հարավային Կովկասն այն նշանակությունը չունի Ռուսաստանի համար, ինչ Ուկրաինան, չպետք է գերագնահատել Կովկասի դերը»:
Շահնազարյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանում կարևորագույն խնդիր է Վրաստանը, և Ռուսաստանը փորձելու է լուծել այս հարցը. «Իսկ Ուկրաինայում քիչ թե շատ իրավիճակը հանգստացնելուց հետո, Ռուսաստանն իր քաղաքականությունը շարունակելու է որոշակի իրականացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցով: Եվ որ Ռուսաստանի համար ամենակարևոր խնդիրներից մեկն է մեր տարածաշրջանում՝ Իրան-Արևմուտք երկխոսությունն ու զարգացումներն են, որին Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է խոչընդոտել»:
Մանրամասները՝ «Մեդիա կենտրոնի» տեսանյութում