ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բազմաթիվ թերացումներ է նկատել Երևանի քաղաքապետարանի աշխատանքում։ Այս մասին ասված է օմբուդսմենի 2013 թվականի զեկույցի՝ քաղաքապետարանին առնչվող հատվածում։
Մասնավորապես, Կարեն Անդրեասյանը հետևյալ թերացումներն է արձանագրել․
– Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:
– Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել:
– Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, չէր ներկայացրել սակագնի բարձրացման բավարար հիմքերը և հնարավոր այլընտրանքային լուծումները, ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը:
– Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել էր լուրջ թերացումներով, ինչպես օրինակ՝ անձինք 1 ժամից պակաս կայանելիս ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել անվճար հատուկ կայանատեղեր հաշմանադամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև չէին կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ:
– Քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները ասֆալտապատելու փոխարեն հաճախ կրկնակի ասֆալտապատել է կենտրոնական փողոցները՝ չնայած դրանց բարեկարգ վիճակին:
– Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու համար:
– Հաշվի չառնելով քաղաքաշինական նորմերի պահանջները, ինչպես նաև Կոմիտաս 5 հասցեի բնակիչների համար մի շարք բացասական հետևանքները, օրինակ՝ հարակից շենքերի լուսավորության էական նվազումը, տարածքի ծառերի հատումը և այլն, Քաղաքապետարանը, այնուամենայնիվ, թույլատրել էր այդ տարածքում շինարարությունը:
– Քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկել Կոմայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես չի լուսավորվել և չի ցանկապատկվել այգու շրջակայքը, ինչպես նաև չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին:
– Անմատչելի է եղել մի շարք շինություններ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ու ելքը: Մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայել են թեքահարթակները, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց թեքության աստիճանը չափազանց բարձր է եղել:
– Միջոցներ չեն ձեռնարկվել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու համար: