Մինչ փաստաբաններն ու փորձագետները պնդում են, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը չպետք է կիրառվի ՍԴ-ի որոշումից հետո, տարբեր տրամաչափի պաշտոնյաները մանտրայի պես կրկնում են, որ պարտադիր վճարները պետք է գանձվեն և սպառնում են, որ քաղաքացիների չվճարելը իրավական հետևանքներ կառաջացնի։
Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքն ամբողջությամբ կարող է գործել մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս օրենքի բոլոր դրույթները ենթակա են կիրառման և կառաջացնեն իրավական հետևանքներ, եթե որևէ անձի կողմից դրանք չկիրառվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Անդրադառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի մի շարք դրույթների հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը՝ նա նշել է, որ խնդրի վերաբերյալ լուծումների գործընթացում ցանկալի է քաղաքացիական հասարակության մասնակցությունը։
«2006-ից, երբ ՍԴ-ի մասին օրենքը ընդունվեց, ամրագրվեց մի քանի ընթացակարգ՝ նրա որոշումը ուժի մեջ մտնելու մասին: ՍԴ-ի որոշումը կարգավորվում է ՍԴ-ի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասով, ինչը ենթադրում է, որ հակասահմանադրական ճանաչված օրենքը ավելի ուշ ժամանակահատվածում է ուժը կորցրած ճանաչվում»,-ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ ՍԴ-ն կուտակային կենսաթոշակայինակային համակարգը հակասահմանադրական չի ճանաչել, այլ ասել է, որ պարտադիրի տարրերը հակասում են Սահմանադրությանը․ «ՍԴ-ն չի ասել, որ «պարտադիր» չպետք է լինի»։
«Այս որոշումը իրականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության հետագա զարգացմանը, սրանք վերլուծություններ են, որոնք ուղղորդող կդառնան», – հայտարարել է Թովմասյանը։
Նախարարը բացառել է նաև 3 ամիսների ընթացքում պահված գումարներ վերադարձը, ապա ավելացրել, որ մշակվելու են վերահաշվարկի մեխանիզմներ, որի ընթացքը դեռևս պարզ չէ։
Հարցին, թե այսքանից հետո ի՞նչ է անհրաժեշտ կառավարությանը ի վերջո հրաժարական տալու համար, Թովմասյանը նշել է, որ 2006թ-ից հետո ՀՀ-ում 60 կառավարություն պետք է հրաժարականներ տված լիներ։
«Այն ակտերը, որոնք ՍԴ-ի կողմից [նախկինում] համարվել են հակասահմանադրականոչ պակաս կարևոր էին։ Եթե այդպես լիներ, ապա Սահմանադրությունը կսահմաներ, որ եթե որևէ օրենք Սահմանադրությունը հակասահմանադրական է համարում, ապա նախարարությունը, Ազգային ժողովը պետք է հրաժարական տային», -եզրափակել է Թովմասյանը։