հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստանցի պրոֆեսորը սպառնում է Ադրբեջանին, Հայաստանին ու բոլոր նրանց, «ովքեր կփորձեն»

Ռուսաստանցի պրոֆեսորը սպառնում է Ադրբեջանին, Հայաստանին ու բոլոր նրանց, «ովքեր կփորձեն»

Հատված Vesti.az կայքի՝ Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ, Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հետ հարցազրույցից։

– Ես բազմիցս ասել եմ Ադրբեջանի համար մի շատ կարևոր բան՝ հետխորհրդային բոլոր պետությունների տարածքային ամբողջականության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է։ Եթե Ռուսաստանը չցանկանա այդ պետությունների տարածքային ամբողջականության երաշխավորը լինել, ապա դրանց տարածքային ամբողջականությունը կխախտվի։ Ռուսաստանը դեռևս պաշտպանում է Ադրբեջանի իրավական պահանջները Ղարաբաղի վերաբերյալ։ Բավական է միայն փորձել սկսել «մեծ եղբայր» փնտրել Ռուսաստանի սահմաններից դուրս՝ ամեն ինչ կքանդվի։ Կքանդվի Ադրբեջանը, կքանդվի Հայաստանը, Մոլդովան, ինչպես քանդվեցին Վրաստանն ու Ուկրաինան։ Մոսկվայի հետ առճակատման դեպքում ներկայիս սահմաններում որևէ հետխորհրդային պետություն գոյություն չի ունենա։ Այն գոյություն կունենա այլ սահմաններում, շատ ավելի փոքր, քան հիմա։ Ընդ որում՝ թե դե յուրե, թե դե ֆակտո։ Դա աշխարհաքաղաքական օրենք է։ Ով ցանկանում է մարտահրավեր նետել այդ օրենքին, թող միայն փորձի։

Ռուսաստանին ձեռնտու է իր սահմաններում կայունության գոտի ունենալ։ Ռուսաստանին ձեռնտու չէ, որպեսզի այդ կայունության գոտին ապակայունացվի Ամերիկայի կողմից։ Մոսկվային ձեռնտու է չեզոք Ուկրաինա ունենալ։ Իսկ ահա թշնամական Ուկրաինա ունենալը պարզապես անթույլատրելի է։ Նմանապես, Ռուսաստանի համար ցանկալի է բարեկամական Ադրբեջան ունենալ։ Կամ, առնվազն, չեզոք։ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Ադրբեջանն անմիջապես կդադարի գոյություն ունենալ։ Նույնը վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Բելառուսին, ինչպես նաև մյուս հետխորհրդային պետություններին։

Պետք է հստակ հասկանալ, որ Ադրբեջանում երկու ճամբար կա՝ եվրասիական և ատլանտյան։ Ռուսաստանի հետ միության կողմնակիցները պատկանում են եվրասիական ճամբարին, իսկ Արևմուտքի հետ միության կողմնակիցները՝ ատլանտյանին։ Հենց նրանց միջև էլ վաղ թե ուշ ֆունդամենտալ բախում տեղի կունենա։ Ադրբեջանի ղեկավարությունը դեռևս պահպանում է իր հավասարակշռությունը այս ուժերի միջև։ Բավական է միայն այն ընտրի կողմերից մեկին, սակայն, իրավիճակն Ադրբեջանում կտրականապես կփոխվի։ Նայեք Թուրքիային՝ այնտեղ ներկայումս տեղի ունեցողը պայքար է եվրասիականության և ատլանտիզմի միջև։ Ադրբեջանի այն բնակիչները, որոնք երկրի տարածքային ամբողջականության կողմնակիցներն են, պետք է աջակցեն Ռուսաստանի գործողությունները Ղրիմում։ Դա ձեռնտու կլինի անձամբ Ադրբեջանին։ Եթե, սակայն, Բաքուն անցնի ԱՄՆ-ի և կիևյան խունտայի կողմը, ապա դա ոչ մի լավ բանի չի բերի։

– Ադրբեջանն աջակցեց Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը։ Ինչպե՞ս դա ընդունեցին Կրեմլում։

– Շատ վատ։ Որպես Ռուսաստանի վերաբերյալ անբարյացակամ քայլ։ Ու դա, անշուշտ, բացասաբար կազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Բաքուն իր դիրքորոշման համար ստիպված կլինի վճարել։ Ու շատ լուրջ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի ձեռքերում է։ Ինչպես արդեն նշել եմ, Ռուսաստանն ուշադիր հետևում է իր հարևանների՝ ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ վարքին։ ՄԱԿ-ում Ադրբեջանի նման ելույթից հետո՝ կարող եմ միայն այսպես ասել՝ հիմա կլուծենք Ուկրաինայի հացերը, այնուհետ կտեսնենք՝ ով է մեր ընկերը, ով՝ թշնամին։ Սա էժան չի նստի։