Home / Հայաստան / Ադրբեջանն այսօր կարող է Հայաստանին վերադարձնել Տավուշի մարզի բնակչին

Ադրբեջանն այսօր կարող է Հայաստանին վերադարձնել Տավուշի մարզի բնակչին

Ադրբեջանն այսօր, հավանաբար, Հայաստանին կվերադարձնի մարտի 7-ին գերի ընկած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 22-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ադրբեջանի պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ԱՊԱ»-ին հայտնել է, որ ներկա պահին հանձնաժողովի անդամներն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները գտնվում են Ղազախի շրջանում և բանակցում են հայկական կողմի հետ։ Բանակցություններից հետո Խոջոյանը, ամենայն հավանականությամբ, կփոխանցվի Հայաստանին։

Երկու օր առաջ Epress.am-ի հետ զրույցում Արսենի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը պատմել էր, որ ընտանիքը գտնվում է անորոշ վիճակում ու անհամբեր սպասում է նրա մասին լուրերի։

«Շատ վատ վիճակի մեջ ենք, ճամփա ենք պահում, որ մեր երեխեն տուն գա։ Մարտի 12-ին Կարմիր Խաչի հետ երկու տող նամակ ա ուղարկել՝«բարևներ, ես ձեզ սիրում եմ», մեկ էլ հարսնացուին, էդքանը», – պատմել էր մայրը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածն իրենց համար մինչ օրս շարունակում է անհասկանալի մնալ։ Նա, սակայն վստահեցրել էր, որ որդին իր կամքով սահմանը չէր անցնի։

«Ինքը դրա առաջին օրը իջել էր անասունները պահելու, հորն էր փոխարինում, հերն էլ եկել էր հաց տանելու։ Դե մեր արոտն էլ սահմանին կպած ա, անասուններին սաղն էլ ըտեղ են պահում։ Մենք էդ օրը անընդհատ հեռախոսով իրար հետ խոսելուց ենք եղել, մեկ էլ կապն ընդհատվեց։ Ինքը երբեք նման բան չէր անի, իրան տարել են, կամ էլ մոլորվել է», -եզրափակել էր Խոջոյանը։