Դատախազությունը չպետք է փորձի սպառնալիքներով և բռնի ուժով սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաք անցկացնելու իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաև միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից: Այս մասին ասված է կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների հայտարարության մեջ, որը պատասխան է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությանը։
Նախաձեռնության անդամները հիշեցնում են, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր, թե 2014 թվականի ապրիլի 9-ին «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետևանքով, տևական ժամանակով փակվել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան և հարակից փողոցների երթևեկությունը:
«Հիշեցնենք, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ», – ասված էր դատախազության հայտարարության մեջ:
«Դ!եմ եմ» նախաձեռնությունը իր պատասխանում նաև հետգրության տեսքով ներառել է հետևյալ տեքստը։
«Վստահ ենք, որ ակնառու գործերի պակաս չկա Հանրապետությունում, որոնցով ՀՀ Գլխավոր դատախազությունն իսկապես պիտի զբաղվի՝ չինովնիկների գույքի հայտարարագրերի բովանդակությունները, նախարարների կանանց միլիոնատեր լինելու հանգամանքները, ՀՀ-ի կուտակած 300 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ գազի պարտքը, Որոտանի, Նաիրիտի թալանը և այլն (ցանկը կարելի է անվերջ թվարկել):
ՀՀ Գլխավոր դատախազությանը կոչ ենք անում մասնավորապես ուսումնասիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական հոդվածների ուժով ապօրինի դրամահավաքի բուն նպատակները, փողերի շարժը ու բացահայտել իրական «շահառուներին», ինչպես նաև 10 տարվա ընթացքում մատնանշված օրենքի վրա պետական միջոցների անհարկի ու անադյունավետ վատման վտանգի հարցը»: