Սևանի լճի ջրօգտագործման մասին երկու աղետալի նախագծերը Կառավարությունն Արարատի դաշտի գյուղատնտեսներին փրկելու համար չէ, որ անում է, դա կոնկրետ այլ պատճառներ ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է բնապահպան Ինգա Զառաֆյանը։
Նշենք, որ կառավարությունը նախատեսում է Սևանա լճից բաց թողնվող ջրի տարեկան պաշարները ավելացնել 40 տոկոսով (նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի՝ 5 տարի ժամկետով)՝ պատճառաբանելով Արարատյան դաշտի անապատեցման վտանգը։
Երկրորդ պատճառը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն է, որը նախատեսում է մինչև 2023 թվականը Սևանա լճում ցանցավանդակային եղանակով տարեկան 50 հազար տոննա ձկան աճեցում արհեստական կերի հաշվին։
Սույն օրենքների ընդունման իրական պատճառները, ըստ Ինգա Զառաֆյանի, հետևյալն են․ առաջին՝ կառավարությունը տարիների ընթացքում ոչինչ չի արել Սևանի մակարդակի բարձրանալու դեպքում ափերը պատրաստելու համար, երկրորդ՝ Սևանի ափերին շատ մոտ կան օբյեկտներ, որոնք մակարդակի բարձրացման դեպքում կմնան ջրի տակ։ Երրորդ՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի աշխատանքի համար պետք է շատ ջուր թողնել լճից։
«ՀԷԿ-ն աշխատեցնելու համար մեծ վարկեր են վերցվել երկու բանկերից, պետք է ինչ-որ կերպ շահույթ ստանա՞ն, թե՞ ոչ»,- ասել է Ինգա Զառաֆյանը։
Բնապահպանը տեղեկացրել է, որ երեկ Սևանում անցկացվել է քայլերթ Սևանա լիճը փրկելու համար, դրան մասնակցել են ինչպես «ՍՈՍ Սևան» նախաձեռնության անդամները, այնպես էլ Գեղարքունիքի մարզում գործող մի քանի ՀԿ-ներ և 4-5 համայնքների ներկայացուցիչներ: Քայլերթի մոտ 60 մասնակիցները շրջել են և իրազեկել սպասվող վտանգի մասին, և հավաքել մոտ 150 ստորագրություններ:
Ըստ Զառաֆյանի՝ իրենց այցերը Արարատի մարզ և զրույցները գյուղացիների հետ ապացուցում են, որ իրականում Արարատում ձկնարտադրությունը չի սահմանափակվի։
«Մեծ ձկնաբուծարանները օգտագործում են այնքան ջուր, ինչքան ուզում են: Փոքր ձնաբուծարաններն են փակվում»,- ասել է Զառաֆյանը։