Հեղինակի մասին․ Կազիմիրով Վլադիմիր Նիկոլաևիչ՝ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ 1992-1996 թթ-ին՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդական առաքելության ղեկավար, Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համանախագահ։ 2000 թ-ից անցել է թոշակի։
Կազիմիրովը «Ղարաբաղյան հակամարտությունն ու կացնային քաղաքականությունը» հոդվածը «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակել է Ղարաբաղյան պատերազմի ավարտի 20-ամյակի կապակցությամբ։ Ըստ պաշտոնաթող դիվանագետի՝ զինադադարը հնարավոր է դարձել միայն Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։
Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․
– Հակամարտության կողմերի, միջնորդների և միջազգային հանրության կարևորագույն խնդիրը զինադադարի ամրապնդումն է՝ քաղաքական կարգավորման միջոցով խաղաղության հասնելու համար։
Սա է առաջնահերթ խնդիրը, որից կախված է մնացած ամեն ինչը։ Զինադադարն անժամկետ է, բայց դա բավական չէ։ Բանակցությունների տասնամյակներն ապացուցել են, որ պատերազմի վտանգն ամբողջովին բացառված չէ, բանակցությունների հաջողությունը երաշխավորված չէ, անգամ՝ կասկածելի է։ Կողմերն իրենց տրամադրվածությամբ իրենք իրենց զրկում են ճկունությունից, փոխզիջումներ փնտրելու պատրաստակամությունից։
Պաշտոնական Բաքուն, մարդասիրության կոչ անելով, առաջին հեթին, փորձում է հասնել նրան, որ հայկական զորքերը լքեն գրավյալ տարածքները՝ հետաձգելով խաղաղության հաստատումն ու իրական խնդրի լուծումը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Անգամ նոր պատերազմով է սպառնում։ Այդ դեպքում ինչո՞ւ էին մարդասիրության մասին մոռանում նրանք, ովքեր, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերի, չէին ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները։ Նոր պատերազմի սպառնալիքներն էլ մարդասիրական դժվար թե անվանես։
Հայերը, ճակատային գիծը ԼՂ-ից հեռացնելով, զբաղեցնելով ամենակարճ դիրքերն (ինչը նրանց համար կարևոր է) ու դրանք ապրապնդելով, չեն շտապում հեռանալ՝ փորձելով հասնել հակամարտության համապարփակ կարգավորման՝ զինադադարն ամրապնդել որպես խաղաղության ուղի, և, իհարկե, որքան հնարավոր է շուտ հաստատել ԼՂ-ի կարգավիճակը։ Իսկ ինչպիսի՞նն էր առաջնահերթության խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերում։ Նրանք պահանջում էին անհապաղ հրադադար, և որ օկուպացիոն ուժերը դուրս բերվեին, բայց ակնհայտ է, որ երկրորդն անհնար է, քանի դեռ առաջին պահանջը չի կատարվել։
Զինադադարի հիմքում, սակայն, այս բանաձևերը չեն ընկած, այլ Ռուսաստանի միջնորդության կարևորագույն փաստաթուղթը՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի 1994թ. ապրիլի 15-ի հայտարարությունը։ Պետությունների ղեկավարները Հեյդար Ալիևի և Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ դրանում ներառեցին երկու առանցքային որոշումներ․ 1) ոչ միայն կրակի դադարեցում, այլև դրա հուսալի ամրապնդում, 2) հետագա գործողությունների առաջնահերթության սահմանում։ Հատկապես ընդգծվել էր, որ առանց հուսալի հրադադարի «չի կարելի անցնել ողբերգական հակամարտության հետևանքների վերացմանը» (նկատի ունի թե զորքերը դուրս բերելը, թե փախստականների վերադարձը)։
Իհարկե, դա իրավական փաստաթուղթ չէ։ Բայց քաղաքական տեսանկյունից ամենակարևորն է և ընդունվել է ամենաբարձր մակարդակով։ Այդ Հայտարարությունն ամրագրելու նպատակով հակամարտության բոլոր կողմերի խորհրդարանական կառույցների ղեկավարները 1994 թ․-ի մայիսի 4-5-ը հավաքվեցին Բիշքեկում։ Նրանք պաշտպանեցին հայտարարությունն ու կոչ արեցին կրակը դադարեցնել մինչև մայիսի 9-ը։ Կողմերից մեկի ձգձգումներն ու հնարքներն ստիպեցին զինադադարը բավական առանձնահատուկ կերպով ձևակերպել, բայց 1994 թ․-ի մայիսի 12-ի դրությամբ համաձայնությունը լիարժեք իրավական ուժ ձեռք բերեց։
Բայց այն այդպես էլ հուսալիորեն չամրագրվեց։ Բաքվի ռազմական նախապատրաստություններն ու միլիտարիստական հռետորությունը, ուժ չկիրառելու վերաբերյալ համաձայնությունից հրաժարումը, շփման գծում բազմաթիվ միջադեպերն ու կոպիտ ուժային, կացնային քաղաքականության դրսևորումները բոլորին հայտնի են։ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կարգախոսն է՝ «Ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ՝ դրա առաջին փուլը»։ Նրանք թաքցնում են, որ Հեյդար Ալիևը խոսում էր հակամարտության «բացառապես խաղաղ ճանապարհով» կարգավորման մասին։ Երբեմն կտրուկ են գործում նաև հայերը, բայց ոչ այդքան հաճախ ու, որպես կանոն, ի պատասխան Բաքվի քայլերի։ Հակամարտության կարգավորման կարգը արմատապես փոխելու նախագահ Իլհամ Ալիևի փորձերը (վերադարձնել կորցրած հողերը՝ առանց զինադադարի ամրագրման) նրա հոր՝ 1994 թ․-ի ապրիլի 15-ին արտահայտած ավելի իրատեսական մոտեցման հետ որևէ կապ չունեն։
Կողքից հայացք գցելով՝ թվում է՝ կողմերը «քվիթ են»․ հայերի հանդեպ բացասաբար են տրամադրված գրավյալ տարածքները չազատելու համար, իսկ ադրբեջանցիների հանդեպ՝ ակնհայտ ռազմատենչության ու սպառնալիքների պատճառով։ Տարբերություն, այնուամենայնիվ, կա։ Օկուպացիայի ու փախստականների խնդիրները ծագել են «երեկ և նախանցյալ օրը»։ Դա արդեն փաստ է։ «Այսօր» այն մի փոքր խլացված է ու խաղաղ կարգավորում է պահանջում «վաղը»։ Իսկ կոտորածը վերականգնելու խոստումները, դա այն «վաղն» է, որը մտահոգություններով ու հոգսերով է լցնում ներկան։ Հետևաբար, հոգեբանորեն լիովին բնական է, որ ավելի շատ քննադատության է ենթարկվում այն, ինչ ավելի վտանգավոր է, այսինքն՝ Բաքվի քաղաքականությունը։ Բացի դա, կան նաև երեք այլ պատճառներ։
Առաջին հերթին, Ղարաբաղի շուրջ պատերազմը բոլորովին ավելորդ է ու վտանգավոր թե ադրբեջանցի, թե հայ ժողովրդի համար, և թե նրանց հարևանների ու, իհարկե, Ռուսաստանի համար։ Իսկ իմ կողմից ավելացնեմ, որ հրադադարի համար պայքարողները պարտավոր են ու կխանգարեն պատերազմի անմիտ կողմնակիցներին։
Երկրորդը, չափազանց կարևոր է պաշտոնապես ստորագրված համաձայնությունների և կողմերի միջև այլ պայմանավորվածությունների կատարումը։ Պետությունների համար, հատկապես՝ երիտասարդ, դա հասունության ու վստահելիության չափանիշ է՝ որպես գործընկերներ։ Խաղաղարար նախաձեռնությունները չկատարելու և դրանցից խուսափելու ցուցակը Ադրբեջանի օգտին չէ․ ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերի, 4 զինադադարների, միջնորդների ավելի քան 20 առաջարկությունների ձախողում, հրադադարի ռեժիմի ամրագրման վերաբերյալ համաձայնության արհամարհում։ Քի՞չ է։ Սա մեծացնո՞ւմ է Բաքվի նկատմամբ վստահությունը։
Կա նաև «երրորդը»։ Եթե առաջինը քաղաքականության ոլորտից է, երկրորդը՝ իրավունքի, ապա երրորդը, կարելի է ասել, բարոյականության ոլորտից է․ չկայացված կամ, նույնիսկ, ստահոդ քարոզչություն։ Բաքուն օկուպացիան մատուցում է որպես համար առաջին խնդիր։ Այդ դեպքում, վաղուց արդեն ժամանակն է հասկանալ դրա առաջացման պատճառները, այլ ոչ թե ամեն ինչ վերագրել հայերի ագրեսիվությանը։ Ինչո՞ւ ոչինչ չի ասվում Աբուլֆազ Էլչիբեյի ու Հեյդար Ալիևի՝ ուժի ակնհայտ սխալ հաշվարկների մասին, ինչի պատճառով օկուպացիան տարածվեց յոթ շրջաններով։ Հայերի քարոզչությունն էլ անմեղսունակ չէ, բայց այնտեղ ղեկավարությունն ավելի զուսպ է, զերծ է մնում կասկածելի փաստարկներից։ Իսկ Բաքվի պաշտոնյաներից ինչ «մարգարիտներ» ասես՝ չես լսի․ իբր՝ հողերի 20 տոկոսը օկուպացված է, իբր՝ միլիոնից ավել փախստականներ կան, և այլն։ Հիշում եմ նաև էթիկան․ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խորամանկորեն խնդրում էր փաստաթղթի իր նախագիծը հայերին փոխանցել որպես իմ սեփականը․․․
Այսպիսով, այս բոլոր ցուցիչներով պաշտոնական Բաքուն նույնպես «մրցույթից դուրս է»։ Այդ դեպքում, ինչո՞ւ է զարմանում, որ քննադատությունը հիմնականում ուղղված է հենց իրեն (այլ ոչ՝ ադրբեջանցի ժողովրդին, ինչպես այնտեղ են ցանկանում պատկերել)։
Վստահ եմ, որ Ղարաբաղի վերաբերյալ տևական բանակցություններն առաջ կընթանան միայն ռազմական գործողությունների ամբողջական վերացումից հետո։ Ադրբեջանի, ինչպես նաև գերտերությունների կողմից երաշխավորված խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում կփոխեր հայերի դիրքորոշումը՝ նրանք ստիպված կլինեին աստիճանաբար, բայց արագ լքել գրավյալ տարածքները։ Բաքուն, սակայն, իբր ձգտելով արագ կարգավորման, ամեն ինչ հակառակն է անում՝ չնայած հայտարարվող շահերի՝ երկարաձգում է ստատուս-քվոն։
Բանակցություններում նրա սխալներից է նաև այն, որ Բաքուն չի ցանկանում ԼՂ-ն ճանաչել հակամարտության կողմ, ու հետևաբար, դրա մասնակից։ Ընդ որում, պատերազմի տարիներին Բաքուն ինքն էր կապի դուրս գալիս Ստեփանակերտի հետ, տարբեր փաստաթղթեր ստորագրում (առանց Երևանի մասնակցության)։ Բացի դա, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ու Հայաստանի հետ երեք համատեղ փաստաթուղթ է ստորագրել՝ զինադադար, 1994 թ․-ի հուլիսի 27-ի հայտարարություն, 1995 թ․-ի փետրվարի 4-ի համաձայնություն։ Առանց ԼՂ-ի մասնակցության՝ բանակցությունները չեն կարող եզրափակիչ փուլ դուրս գալ, քանի որ Ղարաբաղի կարգավիճակը հակամարտության հիմնական վիճելի հարցն է։
Չի կարելի դրա լուծումն անժամկետ հետաձգել։ Այդ հարցը կարող է դրվել ու լուծվել բացառապես խաղաղ ու իրապես ժողովրդավարական հիմունքներով, ինչպես՝ Ղրիմում։ Դրա համար բավական կլինեին նաև անցած 20 տարիները, եթե հակամարտության խնդիրները կարգավորելու բոլոր կողմերի մոտեցումները առողջ լինեին։