Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատությունը 2014 թվականին» զեկույցի համաձայն, աշխարհում մամուլն ազատ է 63 երկրում (32 տոկոս), 68 երկրում (35 տոկոս)՝ մասամբ ազատ, իսկ 66 երկրում (33 տոկոս) մամուլն անազատ է: Զեկույցը հրապարակվել է այսօր՝ մայիսի 1-ին, Վաշինգտոնում։
Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում՝ նախորդ զեկույցում գրանցած 61 միավորի փոխարեն ստանալով 62 միավոր։ Նշենք, որ 60 միավոր ստանալու դեպքում Հայաստանը կարող էր հայտնվել մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին, սակայն նախորդ տարվա համեմատ երկիրը 1 կետով նահանջել է։
Զեկույցում նշվում է, որ մամուլի ազատության ընդհանուր միջին ցուցանիշը ողջ աշխարհում անկում է ապրել` հասնելով վերջին տասնամյակի ամենացածր կետին:
Անկման պատճառներից են մամուլը կառավարելու իշխանությունների ակնհայտ փորձերը՝ թե բողոքական շարժումները լուսաբանող լրագրողների նկատմամբ ֆիզիկական հետապնդումների, թե արտասահմանցի լրագրողների համար սահմանափակումներ մտցնելու, թե առցանց ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի նկատմամբ սահմանափակումները խստացնելու միջոցով։
Վատթարագույն իրավիճակը գրանցվել է Եվրասիայում, որտեղ բնակչության մեծամասնությունը՝ 97 տոկոսը, ապրել է անազատ մամուլի պայմաններում։ Ադրբեջանը նախորդ տարվա 82 միավորի փոխարեն հավաքել է 84 միավոր, Ռուսաստանը պահպանել է իր անազատ կարգավիճակը՝ ստանալով 81 միավոր, Ուկրաինան Եվրամայդանում լրագրողների նկատմամբ գրանցված ճնշումների պատճառով հասել է անազատների մակարդակին՝ ստանալով 63 միավոր։ Թուրքիան հավաքել է 62 միավոր։
Տարածաշրջանում մամուլի ազատության առումով առաջընթաց են գրանցել միայն Ղրղզստանն ու Վրաստանը։ Ղրղզստանը նախորդ 69-ի փոխարեն ստացել է 66 միավոր, Վրաստանը՝ 49-ի փոխարեն՝ 47 միավոր։
Մամուլի ազատության առումով վատթարագույն կարգավիճակն ունեցող երկրների շարքում են Չինաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։