Մինչև 20-րդ դարը բոլոր քրիստոնյա երկրներում արգելված էր հղիության արհեստական ընդհատումը, բայց վերարտադրողական իրավունքների մասին օրենքը հստակորեն սահմանում է հղիությունն ընդհատելու կնոջ իրավունքները, այն հանգամանքները, որոնց դեպքում հղիությունն ընդհատելը անհրաժեշտություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է իրավաբան Իրինա Բալայանը։
Խոսելով հղիության մինչև 30-րդ շաբաթը երեխայի սեռի որոշման արգելքի վերաբերյալ օրենքի նախագծի մասին` բանախոսն ընդգծել է, որ մինչև 12 շաբաթական ժամկետով հղիության ընդհատումը կատարվում է կնոջ ցանկությամբ, 12-ից մեծ ժամկետների դեպքում` թույլատրվում է բացառապես բժշկական միջնորդությամբ։
«12 շաբաթական դարձած երեխան ապրելու լիարժեք իրավունք է ձեռք բերում. այս դեպքում կարևորագույնը կյանքի իրավունքն է։ Երեխային դրանից զրկողները ենթարկվում են պատասխանատվության և այս առումով մեր օրենսդրությունը բաց ունի` մարդը սպանություն կատարելու համար ենթարկվում է խիստ պատժի, իսկ ապօրինի աբորտ կատարելու համար՝ ավելի մեղմ պատժի: Եթե կյանքի իրավունքը բարձրագույն արժեք է, ապա ապօրինի աբորտը կյանքի իրավունքից զրկել է»,- նշել է Բալայանը։:
Նրա խոսքով՝ կնոջն ու բժշկին ավելի խիստ պատժի ենթարկելու դեպքում բժիշկները նման հանցագործություն չեն կատարի:
«Նման օրենք ընդունելը շատ ճիշտ է, թեև կոռուպցիոն ռիսկերը մեծանում են։ Իմ դիտարկմամբ, որքան զարգացած է երկիրն, այնքան սուր չի դրված տղա ունենալու հարցը»,- նկատել է իրավաբանը։
Հանդիպման մեկ այլ մասնակից սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանի կարծիքով՝ պետք է գործի հաձնաժողով կնոջը ճիշտ ուղղորդելու համար։
«Հանձնաժողովը պետք է որոշի՝ աբորտ անել, թե ոչ: Եթե հակացուցված է հղիությունը, այդ դեպքում անում են, բայց մանավանդ մեր հյուսիսային շրջաններում երբ տեսնում են, որ պետք է աղջիկ ծնվի, միանգամից որոշում են աբորտ անել: Այստեղ միայն աղջկա կամ տղայի խնդիրը չէ, այստեղ հոգեբանական կողմն է՝ ուզում են, որ իրենց ազգանունը շարունակող լինի: Աբորտների ժամանակ կինը շատ մեծ տրավմաներ է ստանում, ինչը կարող է անգամ ինքնասպանության փորձերի հանգեցնել», – նկատել է բանախոսը:
Զաքարյանն ընդգծել է, որ տղամարդը վերջապես պետք է հասկանա, որ միայն կնոջից չէ, որ աղջիկ է ծնվում:
«Տղամարդը ջայլամի քաղաքականություն է վարում` չուզենալով ընդունել, որ կնոջ վրա է բարդվում ամբողջ պատասխանատվությունը»,- եզրափակել է նա։