«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները, ովքեր ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել այսօրվա ավտոերթի մեկնարկից որոշ ժամանակ անց, ժամը 16։30-ի սահմաններում ազատ են արձակվել։
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է բերման ենթարկված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը՝ նշելով, թե իր նկատմամբ վարչական տուգանք են կիրառել։
«Այս պահին Շենգավիթի ոստիկանության շենքի մոտ ենք, մեզ հետ ևս երեք մեքենա կա, որոնք առանց որևէ պատճառաբանության, օրինական հիմքի ավտոտեսչությունը ուզում է տանել տուգանային հրապարակ», – ասել է Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել վճարովի կայանատեղիները, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի կողմից ֆիքսած տուգանքների չափը, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ-ի վրա, մինչև կլինի նոր, ընդունելի կանոնակարգ։