ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում լուրջ ձեռքբերում է համարում կոռուպցիայի դեմ պայքարը։ Այսօր նա հանդիպել է լրագրողների հետ հուլիսի 1-ին նշվող Դատախազության օրվան ընդառաջ և կատարված աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացրել։ Գլխավոր դատախազի խոսքով՝ իր համար առաջնահերթ է եղել «անվերապահ անկաշառությունը»։
Կոստանյանը նախ պնդել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի և դատախազությունում սերնդափոխության շրջանակներում 80 դատախազ է ազատվել աշախատանքից, հետո ասել, որ ազատվածների թվում լավ աշխատողներ էլ կային, որոնք տարբեր սոցիալական պատճառներով են դուրս մնացել համակարգից։
Լրագրողները խնդրել են բացահայտել, թե կոնկրետ ինչ կոռուպցիոն դրսևորումների համար են աշխատանքից ազատվել դատախազները, սակայն Կոստանյանը կոնկրետ դեպքեր և կաշառակերության մեջ ներգրավված դատախազների անուններ չի նշել։ Նա հավելել է, որ եթե կոռուպցիոն դրսևորումները «այդպիսի չափերի» հասնեին, ապա իրենք ոչ թե կբավարարվեին դատախազներին աշխատանքից ազատելով, այլ «դատի կտային»։
Գլխավոր դատախազը նշել է, որ կոռուպցիայի դեմ անողոք պայքարը հեշտ բան չէ, քանի որ կաշառքը բոլոր կողմերին ձեռնտու է․ օրինակ՝ մեղադրյալին, կասկածյալին, տուժողին, կաշառակեր ոստիկանին, քննիչին, դատախազին, նրանց բոլոր հարազատներին։