Վեց տարի պահանջվեց «Օրինաց երկիր» կուսակցությանն ընդդիմություն-իշխանություն-ընդդիմություն ճանապարհը անցնելու համար։ Լքելով Ազատության հրապարակը 2008-ի փետրվարին՝ մինչև մարտիմեկյան սպանդը, միանալով նախագահ հռչակված Սերժ Սարգսյանին և նրա գլխավորած Հանրապետական կուսակցությանը՝ նրանք վերադարձան Ազատության հրապարակ 2014 թվականի հուլիսի 18-ին և կրկին քննադատեցին իշխանությանը։
Նախորդ իշխանություն-ընդդիմություն ճամփորդությունը ՕԵԿ-ը իրականացրել էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք․ կուսակցությունը հասցրեց մտնել և դուրս գալ իշխանական կոալիցիայից, իսկ իրենց ղեկավարը 2003-2006 թվականներին գտնվում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։
Հրապարակն այսօր բավական մարդաշատ էր, հավաքվածների խիտ հատվածը պատում էր Թումանյանի և Սպենդիարյանի արձանները։ Միևնույն ժամանակ, լրագրողների հետ շփվելիս, մարդիկ հաճախ պնդում էին, որ նրանք հանրահավաքի մասնակից չեն։
«Ես այս հրապարակում նստում եմ ամեն օր, այդ նրանք են գալիս մասնակցում հերթով մեր հանրահավաքին, ոչ թե մենք՝ նրանց», – ասաց տարեց մի տղամարդ՝ կրկնելով հավաքվածների զգալի մասի դիրքորոշումը։
Հանրահավաքին միտումով մասնակցող մարդիկ կանգնած էին խմբերով, որոնց բազմազանությունը պետք է ընդգծեին ՕԵԿ՝ Արաբկիր, ՕԵԿ՝ Կենտրոն, ՕԵԿ՝ Մասիվ և այլ նմանատիպ գրառումներով դրոշները։
Աչքի էր ընկնում երիտասարդների մեծ խումբն առանց համապատասխան դրոշակի։ Պարզվեց, որ դա Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներն ու ուսխորհրդի անդամներն են, իսկ այդ բուհի և Հայաստանում Ֆրասնիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է։
Համալսարականներից ոմանք Epress.am-ին հարցազրույց տալու իմ խնդրանքին պատասխանել են, որ քաղաքական ելույթներ չեն կարող ունենալ՝ ուսանող լիելու և հետևաբար ապաքաղաքական լինելու պատճառով։ Այդ խմբի անդամներից մի երիտասարդ էլ ասել է, որ ոչ միայն ինքը հարցազրույց չի տա, այլև չի թողնի որ «իր մարդիկ» խոսեն։
«Հա հենց ես պետք ա ասեմ, որ ձեզ հարցազրույց չտան։ Ստեղ ես եմ ասում՝ ով ա խոսելու», – ասել է երիտասարդը։
Նրա հետագա հնչեցրածը կարելի է մեկնաբանել իբրև սպառնալիք․
– Սիրուն աղջիկ ես, ի՞նչ ես եկել, հարցեր տալիս։
– Ուզում եմ հարցնեմ և հարցնում եմ։
– Մենք էլ կարանք շատ բան ուզենք։
«Իր մարդիկ» հավատարիմ մնացին «ասիչին» և հրաժարվեցին խոսելուց։
Հայաստանյան բուհերը քաղաքականացման վերջին ալիքը՝ ղեկավարության և ուսանողական խորհուրդների հանրապետականացումն էր․ ՀՀԿ-ն երիտասարդներին օգտագործում է ոչ միայն որպես գլխաքանակ տարբեր միջոցառումների ժամանակ, այլև լրագրողներին, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի ակցիաները ճնշելու և խոչընդոտելու նպատակով։
Վերջին աղմկահարույց դեպքերից մեկը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողների ագռեսիվ և լկտի գործողություններն էին։ Նրանք փորձում էին «պաշտպանել» լրագրողներից Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի անդամ Տարոն Մարգարյանին։ Դրան հաջորդեց Ագրարային համալսարանի ՈՒԽ ՀՀԿ-ական անդամների գոծողությունները ընդդեմ «Հայ ազագային կոնգրես» կուսակցության ակտիվիստների, ովքեր իրազեկում էին հանրահավաքի մասին։ Այդ դեպքերից հետո հանրության մեջ երիտհանրապետականներին սկեցին կոչել «սաքուլիքներ» և «հայկուլիկներ» եզրերը․ դա տեղի ունեցավ հատկապես այն բանից հետո, երբ Ագրարային համալսարանի ՈՒԽ ՀՀԿ-ական անդամները խոչընդոտեցին ՀԱԿ ակտիվիստների իրազեկման ակցիաներից մեկը։
Այսօրվա հանրահավաքում կային նաև մարդիկ, ովքեր հրաժարվում էին հարցազրույց տալուց՝ պատճառաբանելով, թե «գործով» են եկել հանրահավաքի։ ՕԵԿ-ի նկատմամբ հավատով լցվածները ասում էին, որ դեռ հույսեր են կապում այդ կուսակցության հետ, իսկ Արթուր Բաղդասարյանը «փոխվել է», քանի որ «բոլոր մարդիկ էլ սխալական են»։
Քնար Խուդոյան