Վերջին տարիներին զինված ուժերում սահմանային բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, անձնակազմի պատրաստությանը զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը։ Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, խոսելով սահմանների անվտանգության մասին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետև դրանք բավականին թանկ միջոցներ են, և այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես և լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք», – նշել է նա:
Օհանյանի խոսքով՝ տեխնիկական միջոցներ հնարավոր է լինում տեղադրել սահմանային առաջին գծի այն հատվածներում, որոնցում չկա հակառակորդի անմիջական ազդեցությունը և որտեղ դիրքերը միմյանցից հեռու են:
Պաշտպանության նախարարը նշել է, որ այսօր փորձարկումների փուլում են սահմանային անվտանգության հայրենական սարքեր․ «Անկասկած, համագործակցում ենք բոլոր այն կառույցների հետ, որոնք կա՛մ առաջարկություններ են անում, կա՛մ նաև մեր պատվերներն են կատարում՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների հետ ենք համագործակցում»։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը բավարար չի համարում պաշտպանական գերատեսչության համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ:
«Այսօր Հայաստանում մշակվում են տեխնոլոգիաներ, որոնք կարող են ծառայել սահմանների անվտանգությանը», – ասում է Վարդանյանը, – «Ավելին ասեմ՝ այդ տեխնոլոգիաները Հայաստանը արտահանում է: Ավելին ասեմ ձեզ՝ մի շարք ընկերություններ աշխատում են այլ երկրների ռազմաարդյունաբերական համալիրների համար»:
Հիշեցնենք, որ, անդրադառնալով սահմանային գոտում տիրող իրավիճակին և Քելբաջար ներթափանցած ադրբեջանցիներին, Epress.am-ի ստուդիայում «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Սուրեն Կարապետյանն ասել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում անցանելի հատվածներ կան։ Նա նշել է, որ պաշտպանության վրա մեծ գումարներ չեն ծախսվում, քանի որ այդ ոլորտում չկա շահույթ, իսկ սահմանին հենակետերում մինչև հիմա օգտագործում են պահածոների բանկաներ, որոնք օգտագործվում էին դեռևս 1918 թվականին։