Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր և դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից և նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Երեկ տարածած համատեղ հայտարարության մեջ սահմանային գոտում ստեղծված իրավիճակին նման գնահատական են տալիս ՀՀ Ազգային ժողովի 6 քաղաքական խմբակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ և Ժառանգություն։
«Ադրբեջանի ղեկավարության` իրավիճակին ոչ համարժեք և անպատասխանատու կեցվածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության` հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին:
Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրված պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր և վիրավորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինվորներն ապացուցեցին, որ մշտապես համարժեք պատասխանով Ադրբեջանին թույլ չեն տալու ռազմական գերակշռության հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինվորը ցույց տվեց իր մարտական բարձր պատրաստականությունն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենքի պաշտպանության գործին:
Ստեղծված իրավիճակում բացառիկ կարևորելով հայ հանրության համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում.
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապատեության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների և գործողությունների բացառման ուղղությամբ:
– Միջազգային կազմակերպություններին և պետություններին` հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջև հավասարություն դնող մոտեցումից և դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքներին:
– Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել և ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը», – մասնավորապես, նշված է խմբակցությունների հայտարարության մեջ: