Ամենայն Հայոց Գարեգին Բ-ն կոչ է արել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ջանքեր գործադրել, որպեսզի «երկրի իշխանությունների կողմից չվտանգվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»։ Այս մասին ասված է օգոստոսի 5-ին Գարեգին Բ-ի՝ Ալլահշուքյուր Փաշազադեին ուղղված նամակում։
«Սահմանամերձ բնակավայրերի անդադար գնդակոծությունը ադրբեջանական կողմից, դիվերսիոն գործողությունները, հրադադարի ռեժիմի խախտման տևական փորձերը լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի փխրուն, բայց թանկ ձեռքբերված խաղաղության համար:
Մենք խորապես անհանգստացած ենք լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը: Աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը` սրբազան, և ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են:
Սադրանքները և մարտական գործողությունները չեն կարող այլընտրանք լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ, բանակցային ճանապարհով` համապատասխան միջազգային նորմերին:
Հավատարիմ մնալով Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությամբ անցկացվող տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների խաղաղարար ոգուն` Մենք դիմում ենք Ձեզ` որպես Ադրբեջանի հոգևոր առաջնորդի, ջանքեր գործադրելու, որպեսզի Ձեր երկրի իշխանությունները, պահելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, պահպանեն հրադադարի ռեժիմը և իրենց գործունեությամբ չխափանեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»: