«Գեոթիմ» ՓԲԸ-ն երրորդ անգամ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը, տեղեկացնում է Բնապահպանության նախարարության կայքը։ Այսպիսով, Ամուլսարում հանքաարդյունաբերությամբ զբաղվել ցանկացող ընկերությունը հերթական անգամ դիմում է բնապահպանական փորձաքննության ենթարկելու և շահագործման թույլտվություն ստանալու համար։ Ինչպես Epress.am-ին հայտնել է բնապահպան Ինգա Զառաֆյանը, առաջին անգամ «Գեոթիմը» շրջակա միջավայրի ազդեցության գնահատում ներկայացրել է 2009 թվականին, այնուհետև՝ ընդյալնելով ցանկալի հանքարդյունաբերության տարածքը մի քանի անգամ՝ դիմել է 2012 թվականին։ Ինգա Զառաֆյանը հիշեցրել է, որ Բնապահպանության նախարարությունը դեմ է եղել «Գեոթիմի» ծրագրին՝ նշել հինգ խախտումներ։
Ներկայացված նոր ծրագրին Զառաֆյանը ծանոթ չէ, սակայն համոզված է, որ դրանով չի կարող փարատվել բնապահպանների և համայնքում ապրողների մտահոգությունները։
«Մենք ոչ թե հանքի շահագործման ձևին, մեթոդներին ենք դեմ, այլ հենց ինքնին պրոյեկտին։ Ինչպես էլ այդ պրոյեկտն իրագործվի, այն չի կարող անվանս լինել, քանի որ հաշվարկված է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի մեկ տոննա հանքաքարից ստացվում է ընդամենը 0,9 գրամ ոսկի, մնացածը՝ թունավոր թափոններ են։ Ծրագրի դիզայնը փոխելով՝ այս փաստը չի փոխվի», – ասել է Ինգա Զառաֆյանը։
Նա նշել է, որ Ամուլսարի հարցով հայաստանցի բնապահպանները դիմել են հանքաշահագործումը ֆինանսավորող դոնորներին, ովքեր ընդունել են բերված մտահոգությունները։ Այդ մասին բնապահպանները կտեղեկացնեն առաջիկայում՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագծով զբաղվում է «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ-ի: Գլխավոր ներդրողներն են՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD)։