«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ռեպորտաժը Հայաստանի հետ սահմանամերձ գյուղից, որտեղ ձերբակալվել էրՉինարի գյուղի մահացած բնակիչ Կարեն Պետրոսյանը, տարածվում էր նաև հայկական սոցցանցերում։ Ռեպորտաժի հատվածները ցուցադրվել են անգամ հայկական հեռուստատեսությամբ՝ որպես սահմանին լարվածության աճի ու խաղաղ քաղաքացիների ու զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ «մեր» վարկածի ապացույց։
Ներկայացնում ենք ռեպորտաժի ամբողջական սղագրությունը․
Կարեն – Չկա․․․
Ձայներ – Էյ, ինչո՞ւ եք պատերազմ հրահրում։ Ինչո՞ւ են հայերը պատերազմ հրահրում։
Լրագրողի տեքստը – Թովուզի շրջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանը օգոստոսի 8-ին մահացել է։
[Ադրբեջանի] պաշտպանության նախարարության համաձայն՝ հայաստանցու մահվան պատճառը սիրտ-անոթային անբավարարությունն է եղել։
Կարեն Պետրոսյանին օգոստոսի 7-ին Աղբուլագ գյուղում ձերբակալել են տեղի բնակիչները։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է գյուղի բնակչուհի Ֆարիդա Նագիևան՝ իր բակ եկած հայաստանցին թեյ է խնդրել։
Ֆարիդա – Այստեղ` ծորակի մոտ, ափսեներն էի լվանում, երբ հանկարծ ինչ-որ մեկը կանչեց։ Հարցրեցի՝ ո՞վ ես, ի՞նչ ես անում, ի՞նչ ես ուզում։ Ասաց՝ թեյ, թեյ։ Ես նրա լեզուն չէի հասկանում․ որդուս կանչեցի տանից, քնած էր։ Ասում եմ՝ այ Ռիալ, մեր տուն հայ է եկել։ Ասում է՝ այ մամա, ի՞նչպես թե հայ կա մեր տանը։ Որդիս սկսեց հարցաքննել՝ ի՞նչ ես ուզում, ո՞վ ես, ինչո՞ւ ես մորս, քրոջս վախեցնում։ Ու գնաց նրա ուղղությամբ։ Այդ ժամանակ հայը սկսեց Աստծու անունով երդվել, որ զենք չունի։ Աղջիկս ռուսերենով հարցրեց նրա անունը։ Պատասխանեց՝ Գարդիյան։
Լրագրող – Ֆարիդա Թագիևան Հայաստանի քաղաքացուն տարավ գյուղի կենտրոնում գտնվող թեյարան։ Այստեղ նրան վնասազերծեցին գյուղի երիտասարդները։
Գյուղացի երիտասարդ – Ձեռքս մեկնեցի՝ բարևելու։ Երբ ձեռքը մեկնեց, պտտեցի մեջքի հետևում, որպեսզի ստուգեմ գրպանները, կարող է՝ զինված է։ Պարզվեց՝ ոչինչ չունի։ Ինքն էր բարձրացնում ոտքերն ու ցույց տալիս կոշիկները, թե՝ տեսեք՝ դանակ էլ չունեմ։
Լրագրող – Նիյամեդդին Մամեդովն ասում է, որ Հայաստանի քաղաքացին որևէ զենք չի ունեցել ու մարդկանց դիմադրություն չի ցուցաբերել։
Նիյամեդդին (կադրից դուրս) – Գրպանում հասարակ հեռախոս ուներ, մեր հեռախոսների նման։ Դրանով կարելի է լուսանկարել, բայց համարվում է հասարակ։ Հեռախոսի մեջ մի քանի լուսանկար կար՝ ռազմական համազգեստով մարդիկ։ Հարցրեցի՝ սա դո՞ւ ես։ Պատասխանեց՝ ոչ, եղբայրս։ Այսինքն, հեռախոսը պատկանում էր նրա եղբորը։ Բայց լուսանկարներում ինքն էր՝ ռազմական համազգեստով, ԶԻԼ-131 մեքենաներ։
Լրագրող – Ֆարիդա Թագաևայի տունը գտնվում է հայերի կողմից զբաղեցված բարձրակետերի դիմաց։ Նրա խոսքով՝ իրենց միջև ադրբեջանական բանակի դիրքեր չկան։
Ֆարիդա – Այդ տարածքը դատարկ է։ Դիրք չկա։ Մի դիրքից մյուսը, երևի, ավելի քան 3 կիլոմետր է։ Այստեղ դիրքերում մենք ենք կանգնած․․․ Հայաստանցին ազատ գալիս-գնում է։ Որևէ մեկին չի հետաքրքրում, որ Աղբուլագ գյուղը կործանվում է։ Եթե ես այստեղ նստած չլինեի, եթե հենց հիմա երեխայիս վերցնեմ ու հեռանամ, այս գյուղը կդատարկվի․ ես եմ դիրքում կանգնած։ Մեր մասին որևէ մեկը չի անհանգստանում։ Գործադիր իշխանությանն ասում եմ, ասում է՝ կարևորը՝ հաց լինի։ Որտեղի՞ց այդ հացը վերցնեմ։ Ասում եմ՝ այ գործադիր իշխանության ղեկավար, իմ տուն հայ է մտել։ Ասում է՝ նման բան չի կարող լինել։ Ասում եմ՝ եկավ իմ տուն, բռնեցի, երեխաս բռնեց, կանչեցի հարևանին։ Ինձնից թեյ էր խնդրում, ծխախոտ։ Ասում է՝ չի կարող պատահել։
Լրագրող – Գյուղացիներն ասում են, որ մշտապես դեմ առ դեմ են վտանգի հետ, ու, թեև Աղբուլագը համեմատաբար ավելի մոտ է գտնվում հայկական զորքերի դիրքերին, գյուղը մնում է անպաշտպան։
Գիյաս Հասանովն ասում է, որ իրենք 4 եղբայր են Աղդամի շրջանից, ու չորսն էլ ապրում են Թովուզի շրջանի տարբեր գյուղերում։
Գիյաս Հասանով – Ես ձեզ խնդրում եմ, ինչո՞ւ է այն երեք գյուղերին օգնություն ցուցաբերվում, իսկ Աղբուլագին՝ ոչ։ Նրանց հերձաքար են տալիս, տախտակներ, իսկ մեր տները քանդվում են․․․Իսկ այնտեղ մեր հողերը՝ 75 կիլոմետր, օկուպացված են։ Ի՞նչ կարող եմ ասել։ Մեր պետությանը, հարգելի նախագահին խնդրում եմ մեր գյուղին օգնություն ցուցաբերել։
Սահիբ Գյալյանդարով – Այս գյուղը ոչ սահմանամերձի կարգավիճակ ունի, ոչ էլ նպաստ է ստանում, ոչինչ․․․Ես՝ որպես աշխարհագրության ուսուցիչ, կարծում եմ, որ այս գյուղը Ադրբեջանի քարտեզի վրա գոյություն չունի։
Լրագրող – Գյուղացիները մտահոգված են նրանով, որ Հայաստանի քաղաքացին, որին պաշտպանության նախարարությունը դիվերսանտ է անվանել, հեշտությամբ մտել է իրենց գյուղ։ Նրանք անհամբեր սպասում եմ՝ երբ են իրենց տների ու հայկական դիրքերի միջև ադրբեջանական ռազմական դիրքեր տեղադրվելու։
Հայաստանյան մամուլը օպերատիվ կերպով ապացույցներ է ներկայացրել, որ Պետրոսյանին զգեստափոխել են ու ռազմական համազգեստ հագցրել, այնուհետև զինված ու դիմակավոր անձանց ուցեկցությամբ տեսախցիկի դիմաց ուժով տարել ադրբեջանցի գեներալի մոտ ու ծնկի իջեցրել։ Մոտ մեկ ամիս առաջ ղարաբաղյան ուժայինները տարածել էին տեսնյութ, որում զինված ու դիմակավոր անձինք ուժով տանում էին Ադրբեջանի քաղաքացի, Քելբաջարի շրջանի նախկին բնակիչ Դիլգամ Ասքերովին։ Հայկական ԶԼՄ-ներում նրան անվանում են դիվերսիոն խմբի առաջնորդ։ Նա ու Ադրբեջանի ևս երկու քաղաքացիներ ձերբակալված են։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասքերովը, ինչպես նաև սպանված Հասան Հասանովը, երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։
Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:
Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։