Այսօր ՀՀ Վարչական դատարանում լսվել է «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ֊ի բողոքն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, որը հրաժարվել է ՀԿ֊ի պահանջած տեղեկատվությունը տրամադրել։
Հասարակական կազմակերպությունը պահանջում է հրապարակել այն 900 ապրանքատեսակների անունները, որոնց մասով ՀՀ իշխանությունները բանակցել են Ռուսաստանի հետ՝ Մաքսային Միություն մտնելու շրջանակներում։ Նախարարությունը հրաժարվել էր տրամադրել ցանկը՝ ասելով, որ դա գաղտնիք է։
Այսօր նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնող Ռուզաննա Ազրոյանը փորձում էր ապացուցել, որ նախարարը իրավունք ունի որոշակի բնույթի տեղեկատվություն պետական կամ ծառայողական գաղտնիք համարել։ ՀԿ֊ն ներկայացնող Դանիել Իոաննիսյանն (լուսանկարում) ասել է, որ իրենք ընդունում են, թե նման իրավունք կա, սակայն չեն հավատում, որ նախարարությունը գաղտնագրել է այդ 900 ապրանքները, քանի որ միայն գաղտնագրման դեպքում ցանկը հրապարակման ենթակա չէր լինի։
«Նախարարության ներկայացուցիչը ասել է, որ այդ ապրանքները դասվել են և՛ պետական, և՛ ծառայողական գաղտնիքների շարքին։ Իրականում դրանք տարբեր բաներ են, չի կարող մի փաստը համարվել և՛ ծառայողական, և՛ պետական գաղտնիք»,֊ նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Իոաննիսյանը։
Ըստ նրա՝ փաստաթուղթը կրում է նշում՝ «ծառայողական օգտագործման համար», սակայն, ըստ ՀՀ օրենքի, դա չի նշանակում, որ այդ տեղեկատվությունը գաղտնիք է։ Նման նշումով տեղեկատվությունը համարվում էր գաղտնի ԽՍՀՄ֊ում, այժմ՝ Ռուսաստանում, բայց ոչ Հայաստանում։
Ըստ նրա՝ նախարարության աշխատակիցները հակասական հայտարարություններ են անում․ մինչ նախարար Կարեն Ճշմարիտյանը մամուլին ասել է, որ բանակցությունները ավարտվել են, փոխնախարարն ու Ազրոյանն ասում են, որ այդ բանակցությունները դեռ շարունակվում են։
Հիշեցնենք, որ ՀԿ֊ն դատի է տվել նաև Արտաքին գործերի նախարարությանը, որը գաղտնի է պահում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մասին տեղեկատվությունը։
Լուսանկարը՝ Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից