ԱԺ-ն այսօր 54՝ ձեռնպահ, 40՝ կողմ և 3՝ դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագիծը նախատեսում էր որոշ արտոնություններ սահմանապահ գյուղերի բնակիչներին:
Ձեռնպահ են քվեարկել և, փաստորեն, նախագծի ընդունումը տապալել ՀՀԿ խմբակցությունը և ԲՀԿ խմբակցության մի մասը: ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասել է՝ ցանկալի է, որ կառավարությունն ավելի մեծ նախագիծ մշակի ու ներկայացնի, քանի որ Փաշինյանի ներկայացրած նախագիծը խնդիրներին մասնակի լուծում է տալիս։
«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ով նոր է վերադարձել Տավուշի մարզից, ասել է, որ հարցը հրատապ է և պետք չէ սպասել մինչև Կառավարությունn ajn քննարկի:
Ի վերջո, նախագծին կողմ են քվեարկել ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ի մի մասը, ինչը բավարար չի եղել այն անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ Փաշինյանի նախագիծը, մասնավորապես, առաջարկում է.
ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով:
բ) սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:
գ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում:
դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
ե) սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար: