Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն ավելի «մարդակենտրոն» լինելու պատճառաբանությամբ շղարշում է քաղաքական իրական նպատակը՝ վերարտադրել մի մարդու իշխանությունը: Այս մասին այսօր հանրային քննարկման ժամանակ ասել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հովհաննես Գալստյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թվականին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի մասին:
Գալստյանը նշել է, որ իրենց նախաձեռնությունը հարցում է անցկացրել մոտ 1300 մարդկանց շրջանում և պարզել, որ Հայաստանի հանրության 65 տոկոսը սահմանադարական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում:
Քննարկման մյուս բանախոս Տիգրան Եգորյանը նշել է, որ մարդու իրավունքների առումով սահմանադրական փոփոխությունները ևս դրական չեն: Հիշեցնելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հայտարարությունը՝ Եգորյանն ասել է, որ նոր փոփոխություններով սահմանափակվելու են մարդու իրավունքները, որոնք ամրագրված են գործող սահմանադրությամբ: Դանիելյանը հայտարարել էր, որ հոդվածները համապատասխանեցվելու են միջազգային ստանդարտներին, մինչդեռ Եգորյանը պնդել է, որ միջազգային ստանդարտները, օրինակ, Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան նվազագույն իրավունքներ է պարտադրում, իսկ ՀՀ Սահմանադրությունն ավելի խիստ է, այսինքն՝ եթե մեր սահմանադրությունը համապատասխանեցվի միջազգային ստանդարտներին, դա, ըստ էության, հետընթաց կլինի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով:
Տիգրան Եգորյանը համեմատել է նաև 1995 թվականի և 2005 թվականի Սահմանադրությունները՝ նշելով, որ հին սահմանարության մեջ կար մեկ հոդված, որն ավելի ժողովրդավարական էր։ Նա նշել է, որ 1995 թվականին ընդունված սահմանադրությամբ, եթե ուղիղ ընտրություններով ստեղված Ազգային ժողովը երկու անգամ նույն նստաշրջանում դեմ քվեարկեր Կառավարությաւն առաջարկած բյուջեին, Կառավարությունը պետք է լուծարվեր: Իսկ 2005 թվականի փոփոխություններով, եթե ԱԺ նույն կերպ դեմ լիներ Կառավարության բյուջեին, Կառավարությունը կարող է ցրվել՝ նախագահի հրամանով: Այսինքն, ըստ էության, այդ փոփոխությամբ խախտվել է իշխանության թևերի միջև հավասարակշռությունը:
Նշենք, որ ուշագրավ է «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հարցման այն հատվածը, որն առնչվում է մարդու իրավունքների հոդվածների հետ: Հարցվածների 88 տոկոսն ասել է, որ պետք է ընդունվեն միասեռականների իրավունքները սահմանափակող հոդվածներ: Հարցվածների 63 տոկոսն ասել է, որ Հայաստանում գործելու իրավունք պետք է ունենա միայն Հայ առաքելական եկեղեցին, 23 տոկոսն ասել է, որ գործել կարող են Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները և ոչ որևէ այլ կրոնական ուղղություն:
Հարցվածների մի մասը մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներին դեմ է եղել, երբ հարցը վերաբերվել է բանտերում դատապարտյալների պայմաններին: 31 տոկոսն ասել է, որ դատապարտյալներին նվաստացուցիչ պայմաններում պահելու մեջ խնդիր չի տեսնում: