Home / Տեսանյութեր / Դատախազը չի բացատրում՝ ինչու է մերժել ԱԱԾ֊ի դեմ գործ հարուցելը․ լրագրողի հավաքագրման փորձի մասին

Դատախազը չի բացատրում՝ ինչու է մերժել ԱԱԾ֊ի դեմ գործ հարուցելը․ լրագրողի հավաքագրման փորձի մասին

Լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի (լուսանկարում)՝ ԱԱԾ֊ի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հայցի քննության ընթացքում դատախազը չի ներկայացրել հայցվորների պահանջած բացատրությունը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է հայցը ներկայացրած կողմերից մեկի՝ «Ժառանգություն» կուսակցության փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ Առանձին հայց է ներկայացրել նաև Հրայր Մանուկյանը։

Կուսակցության և լրագրողի բողոքը կապված է ԱԱԾ֊ի ներկայացուցչի կողմից Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ։ Լրագրողի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, որ ԱԱԾ աշխատակիցը մերժում ստանալուց հետո սպառնում է Մանուկյանին։ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է ԱԱԾ֊ի դեմ քրեական գործ հարուցել, և այժմ կուսակցությունն ու Մանուկյանը պահանջում են բեկանել դատախազության որոշումը։ Գործը մինչ այժմ քննվում էր երկու առանձին վարույթով, որոնք միացվել են, և մեկ միասնական գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 10֊ին։

«Ես նախնական դատական նիստի ժամանակ պահանջել էի, որպեսզի դատախազը գրավոր ներկայացնի այն հիմքերը, որոնցով մերժվել է քրեական գործ հարուցելու մասին որոշումը։ Դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի դատախազն այդ թղթերը պատրաստի։ Ինչևէ, արդեն մոտ մեկ ամիս է անցել, դատարանը որևէ գրություն չի ստացել։ Նախորդ նիստին, որը թեև չկայացավ դատավորի բացակայության պատճառով, դատախազը չէր էլ ներկայացրել, իսկ դատարանից տեղեկացանք, որ որևէ թուղթ չի էլ ուղարկել»,֊ ասել է Հարություն Բաղդասարյանը։