Home / Հայաստան / Ամուլսարում պատրաստ են սկսել հանքի շինարարությունը․ բնապահպանները դեմ են

Ամուլսարում պատրաստ են սկսել հանքի շինարարությունը․ բնապահպանները դեմ են

Ամուլսարում ոսկու հանքավայրի որոնողահետազոտական աշխատանքները ավարտվել են և 2015 թվականին սկսվելու է հանքի շինարարությունը: Այս մասին  «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է հանքի շահագործման նախագիծը ներկայացրած Lydian Inetrnatonal ընկերության նախագահ Հովարդ Սթիվենսոնը:

«Տարվա սկզբին հրապարակվել էր նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական հաշվետվությունը: Ըստ Ստիվենսոնի՝ այդ հաշվետվությունն ու վերջերս Հայաստան այցելած վերլուծաբանների գնահատականները ցույց են տալիս, որ Ամուլսարը տարածաշրջանի, և ինչու ոչ, աշխարհի ամենահրապուրիչ նախագծերից մեկն է ոսկու արդյունահանման ոլորտում: Նախ՝ բարձր են ոսկու ծավալները՝ 75 տոննա: Բացի դա, բարձր է գնահատականը նաև հանքի վերականգնման տեսանկյունից»,- գրում է թերթը:

Սթիվենսոնը վստահեցրել է, որ իրենք երկխոսում են բնապահպանների հետ և ուշադիր են բնապահպանական նորմերի հանդեպ՝ ներդնելով նոր տեխնոլգիա, որը բացառում է արտանետումները շրջակա միջավայր։ Հայաստանցի բնապահպանները, սակայն, վերջին տարիների ընթացքում պարբերաբար բարձրացնում են Ամուլսարի ոսկու հանքի խնդիրը։

Մասնավորապես, երեկ «SOS Ամուլսար» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ հիշեցնելով, որ 2015 թվականին հանքի շինարարությունը չի կարող սկսվել, եթե նախարարությունը նախագծին տա բացասական եզրակացություն:

Ըստ նախաձեռնության՝ հանքարդյունաբերողի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեջ (ՇՄԱԳ-ում) ներկայացված ռիսկերը նվազեցված են, չեն համապատասխանում իրականությանը, կամ առկա են սպառնալիքներ երկրի ռազմավարական շահերի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բնապահպանները նշել են, որ Ամուլսարում հանքարդյունաբերությունը արգելվել է նույնիսկ խորհրդային տարիներին՝ չվնասելու համար Ջերմուկի բնությունն ու առողջարանային համակարգը: Բնապահպանների պնդումներից հետո Lydian International-ը փոփոխել է իր նախագիծը, սակայն, բնապահպանների հավաստմամբ, այդ փոփոխությունները բուն իմաստը չեն փոխվել:

«Մենք ոչ թե հանքի շահագործման ձևին, մեթոդներին ենք դեմ, այլ հենց ինքնին պրոյեկտին։ Ինչպես էլ այդ պրոյեկտն իրագործվի, այն չի կարող անվանս լինել, քանի որ հաշվարկված է՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի մեկ տոննա հանքաքարից ստացվում է ընդամենը 0,9 գրամ ոսկի, մնացածը՝ թունավոր թափոններ են։ Ծրագրի դիզայնը փոխելով՝ այս փաստը չի փոխվի», – ավելի վաղ Epress.am-ին ասել էր բնապահպան Ինգա Զառաֆյանը։