Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դրական է համարում գործազուրկներին տրվող 18.000 դրամի չափով նպաստը վերացնելու որոշումը։ ՀՀ կառավարությունը նպաստը վերացնելուց հետո գործազուրկների աջակցման խորհրդատվական և փոխհատուցման համակարգ է ներդրել, որը պետք է օգներ գործազուրկներին աշխատանք գտնել։
Այսօր ԱԺ֊ում Ասատրայնը պնդել է, որ քաղաքականության փոփոխության շնոհիվ մեկ տարվա ընթացքում աշխատանք է գտել 8155 մարդ։ Լրագրողների այն հարցին, թե քանի գործազուրկ է մասնակցել նախարարության նոր ծրագրով խորհրդատվություններին և դրանց որ մասն է արդյունքում աշխատանք գտել՝ Ասատրյանը չի պատասխանել։ Նա միայն ասել է, որ, Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, երկրում կա 70.000 գործազուրկ և նրանք բոլորն էլ կարող են մասնակցել ծրագրին։
«Այժմ այլևս չկան իրական գործազրկության և պաշտոնական գործազրկության ցուցանիշներ, քանի որ այլևս նախարարությունը չի դիտարկում միայն որպես գործազուրկ գրանցվածներին, որը բնականաբար շատ ավելի ցածր թիվ է, քանի իրական գործազրկությունն է», ֊ ասել է նախարարը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե քանի տոկոս է գործազրկությունն այս պահին ՀՀ պետական մարմինների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ասատրյանը նույնպես չի պատասխանել։ Նրա խոսքով՝ այդ տվյալները, ինչպես նաև աղքատության ցուցանիշը, հրապարակում է Ազգային վիճակագրության ծառայությունը և դրանք հասանելի կլինեն նոյեմբերին։
Նախորդ տարվա պաշտոնական թվերի համաձայն՝ գործազրկությունը կազմում է 18.6, իսկ աղքատությունը՝ 32 տոկոս։
Գործազրկության 18.000 դրամ նպաստները վերացնող նախագիծը ընդունվել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ արժանանալով որոշ պատգամավորների քննադատությանը։ Օրինագծի քննակումը համընկել էր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման և քվեարկության հետ։ Վերջինով ՀՀ նախագահի աշխատավարձը բարձրացվել է 203%-ով, վարչապետի և ԱԺ նախագահի աշխատավարձերը՝ 218%-ով, իսկ ԱԺ պատգամավորներին՝ 100%-ով :