Home / Հայաստան / Ոստիկանին մեղադրում են քաղաքացուն խոշտանգելու մեջ

Ոստիկանին մեղադրում են քաղաքացուն խոշտանգելու մեջ

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի Գառնիի բաժանմունքի աշխատակիցը (անունը չի նշվում) կասկածվում է քաղաքացի Մարինե Ա․֊ին խոշտանգումների ենթարկելու մեջ, հայտնում է Հատուկ քննչական ծառայության կայքը։ Ոստիկանի գործողությունների մասին հաղորդում է ներկայացրել ամբաստանյալ Արմեն Բ.-ի պաշտպան Վահագն Մ.֊ն։

Փաստաբանը նշել է, որ ոստիկանները Մարինե Ա․֊ին կասկածել են Արմեն Բ֊ին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ խուզարկության ենթարկելու արձանագրություններ կազմելիս դրանցում կեղծ տեղեկություններ են մտցրել։ Մարինե Ա.-ն իր բջջային հեռախոսով ձայնագրել է խոշտանգումների ժամանակ տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ոստիկանության աշխատակիցը հրահանգել է մեկ այլ ոստիկանի` կնոջից վերցնել հեռախոսն ու ջնջել ձայնագրությունը:

Վահագն Մ.-ն նշել է նաև, որ ՀՀ ոստիկանության Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցը, ստանալով Մարինե Ա.-ի՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինություններ կատարելու մասին դիմումը, այն ՀՔԾ ուղարկելու փոխարեն, ուղարկել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ դիմումին պատշաճ ընթացք չի տրվել։

Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։