Հայաստանցի արտադրողները հավաստիացնում են, որ ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցը, որը Հայաստանում բացվելու է հունվարին, իրենց ապրանքները սպառելու չափազանց վատ պայմաններ է առաջարկում։ Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի հավաստմամբ՝ կողմերը լուրջ տարաձայնություններ ունեն, և որքան մոտենում է բացման օրը, այնքան խնդիրները սրվում են։
Սովորաբար հայաստանցի արտադրողները խոշոր սուպերմարկետներին իրենց ապրանքն առաջարկում են մինչև 8 տոկոս զեղչով, մինչդեռ «Կարֆուրը» միանգամայն այլ պահանջներ է դնում։
Ֆրանսիական սուպերմարկետների ցանցն ապրանք վերցնելու համար պահանջում է մինչև 25 տոկոս զեղչ, բայց բանակցությունների ընթացքում «իջնում է» մինչև 20-22 տոկոս: Արտադրողներից ու մատակարարներից շատերի պնդմամբ, նման պայմանների պարագայում իրենք ոչ միայն շահույթ չեն ստանա, այլև կաշխատեն վնասով, քանի որ այդ ապրանքի վրա իրենք ընդամենը 15-20 տոկոս շահույթ են «դնում»:
«ՀԺ»֊ն նշում է, որ մատակարարներից ոմանք նաև դժգոհում են, թե իրենց ապրանքները ցուցափեղկերին պատշաճ ներկայացված լինելու համար «Կարֆուրը» պահանջում է էլ ավելի մեծացնել զեղչը: Օրինակ, «Երևան Մոլում» բացվելիք հիպերմարկետի տարածքը մոտավորապես մեկ հեկտար է, և եթե ապրանքը լավ ներկայացված չլինի, այն ուղղակի «կկորի», գնորդի աչքից կվրիպի և դրա վաճառքի ծավալները կնվազեն:
«Հետաքրքիրն այն է, որ չնայած «Կարֆուրի» առաջարկած կոշտ պայմաններին շրջանառության շատ թե քիչ լուրջ ծավալներ ապահովող արտադրողներից ու մատակարարներից և ոչ մեկը, մեր ունեցած տեղեկություններով, չի հրաժարվել «Կարֆուրի» հետ աշխատելուց: Նույնիսկ խիստ դժգոհություն հայտնողները շարունակում են բանակցությունները, իսկ ոմանք էլ ընդունել են պահանջները ու պայմանագիր ստորագրել»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում