Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նոր ստեղծվելիք նախարարության կիզակետում կլինեն Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու խնդիրները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը մուտք է գործելու 170 միլիոնանոց շուկա, ինչին շատ լուրջ պետք է վերաբերվել։
«Կիզակետում մաքսային ինտեգրման խնդիրն է, բավականին ծավալուն աշխատանքներ են սպասվում, և ինձ թվում է՝ Էկոնոմիկայի նախարարության ծանրաբեռնվածությունը բավականին շատ էր։ Եվ անհրաժեշտություն կար մի առանձին մարմին ստեղծելու, որը կզբաղվի այդ բարեփոխումներով և ինտեգրացիոն հարցերով: Որպեսզի չխառնվեն գործերը, մեկը մյուսի վրա գցեն, սա ավելի ճիշտ է։ Եթե այստեղ ձախողումներ ունենանք, մենք կարող ենք այսքան երկար տարիների չարչարանքի արդյունքը չտեսնել»,- ասել է Բաղդասարյանը։
Իշխող Հանրապետականի խմբակցության ղեկավարը վստահեցրել է, թե նոր նախարարությունը առանց այն էլ պետական սուղ բյուջեի համար հավելյալ բեռ չի դառնա: Նրա խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարության կազմում ինտերգման հարցերով զբաղվող աշխատակիցները կտեղափոխվեն նորաստեղծ կառույց:
Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի համար անհասկանալի է տնտեսական ինտեգրման նախարարության ստեղծումը:
Վերջինիս փոխանցմամբ՝ զարմանալի է, որ առանց այն էլ ծանրաբեռնվածություն չունեցող Էկոնոմիկայի նախարարության գործառույթները փոխանցվում են նոր նախարարությանը: Պատգամավորը նաև նկատում է՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծում որևէ հիշատակում նոր ստեղծվելիք կառույցի մասին չկա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում