Home / Տեսանյութեր / Ֆինանսների փոխնախարարները շրջանցեցին ԵՏՄ-ի մասին հարցերը

Ֆինանսների փոխնախարարները շրջանցեցին ԵՏՄ-ի մասին հարցերը

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը վստահություն է հայտնել, որ ԵՏՄ անդամության շնորհիվ ՀՀ բյուջե կմտնի 270 միլիոն դոլար:

Այվազյանին արձաքանելով՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, որ նման թվեր դեռ չի կարելի հրապարակել՝ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ Եվրամիության կիրառած տնտեսական սանկցիաները:

ԵՏՄ անդամության հնարավոր օգուտների և կորուստների մասին հարցը ուղղվել է նաև Ֆինանսների փոխնախարարներ Պավել Սաֆարյանին և Արմեն Ալավերդյանին, որոնք հրաժարվել են որևէ կանխատեսումներ անել՝ հիմնականում փորձելով խուսափել ըստ էության պատասխան տալուց:

Սաֆարյանն ասել է, որ ԵՏՄ մտնելու շնորհիվ 2015 թվականին 1-2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում։ Նա նշել է նաև, որ ԵՏՄ մտնելու արդյունքում մաքսատուրքերն են բարձրանալու, ինչը մուտքերի առումով դրական կլինի բյուջեի համար։ Փոխնախարարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ մաքսատուրքերի բարձրացումը նշանակում է ներմուծման գների բարձրացում, ինչը, իր հերթին, նշանակում է ներմուծվող ապրանքների ծավալների կրճատում։

Ալավերդյանը հրաժարվել է պատասխանել, թե որքան կարող են կազմել Ռուսաստան֊ԵՄ հարաբերությունների հետևանքով հնարավոր վնասները։

«Դուք ուզում եք մենք կանխատեսնենք նաև է՞դ հարաբերությունները, (Ռուսաստան֊ԵՄ հարաբերությունները֊խմբ) և դրանց որակը։ Ռուսաստան ներմուծումը կարող է պակասել, կարող է գնալ Բելառուս, կարող է գնալ Ղազախստան: Էդ պրոցեսները տեղի են ունենալու անկախ մեր կամքից, մենք այսօրվա իրավիճակից դատելով ենք կազմել բյուջեի եկամտային մասը»,- ասել է Ալավերդյանը:

Այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ օրենսդրությունը ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը հարմարեցնելը, մասնավորապես, ՀՀ գնումների մասին օրենքի մասով, Ալավերդյանը հրաժարվել է պատասխանել:

Նա խնդրել է այդ հարցերը ուղղել ԵՏՄ երկրների հետ Հայաստանի կողմից բանակցությունների մասնակիցներին, ովքեր նախագիծը շուտով կներկայացնեն ԱԺ:

Նշենք, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանն այսօր հայտարարել է, որ 2011 թվականին Հայատսանի և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) միջև ստորագրված պետական գնումների մասին համաձայնագիրը հակասում է ՌԴ-ում գործող օրենսդրության որոշ կետերի:

«Մենք (Հայաստանը), ԱՀԿ-ի գնումների համաձայնագրին միանալով ստանձնել ենք պարտավորություն, որ հայրենական և օտարերկյա ընկերությունների հանդեպ կկիրառենք նույն մոտեցումները, իսկ Ռուսաստանի պետական գնումների օրենսդրության մեջ հստակ գրված է՝ առավելությունը տրվում է հայրենական արտադրողին: Այսինքն՝ այստեղ կունենանք նաև իրավաբանական տիպի կազուս: Ո՞նց է մեր կառավարությունը փորձում լուծել այս ռեբուսը, հայտնի չէ»,- ասել է փորձագետը: