Home / Հայաստան / ՀԱԿ֊ը՝ ԲՀԿ֊ին․ Ակտիվ քաղաքական գործողությունների հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական

ՀԱԿ֊ը՝ ԲՀԿ֊ին․ Ակտիվ քաղաքական գործողությունների հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Հայաստանի բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու մասին նոյեմբերի 6-ին կայացրած որոշումը վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է Երևանի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ։ Այս մասին ասված է ոչ իշխանական եռյակի մաս կազմող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Եռյակը՝ ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 24֊ին հանրահավաքներ է անցկացրել Ազատության հրապարակում, և ՀԱԿ֊ը վստահություն է հայտնում, որ հանրահավաքները լրացուցիչ խթան կարող են ծառայել «հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար»։

«Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։

Նկատի ունենալով նշված հանգամանքները՝ Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որևէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը», ֊ ասված է ՀԱԿ֊ի հայտարարության մեջ։