Մի շարք հայաստանյան բնապահպանական կազմակերպություններ, նախաձեռնություններ և բնապահպաններ դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին` առաջարկելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն տալ Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին:
Դիմումում, մասնավորապես, ասվում է, որ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի և մասնագիտական լսումների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ նախատեսվող հանքավայրը մասնակիորեն գտնվում է «Արևիկ» ազգային պարկի դեռևս չհաստատված, բայց նախատեսվող սահմաններում և դրա պահպանման (բուֆերային) գոտում: «Արևիկ» ազգային պարկը, համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի որոշման, դեռ 2010թ.-ին պետք է քարտեզագրվեր և բոլոր սահմանները վերջնական հստակեցվեին: Սակայն այն մինչ օրս ունի ընդամենը նախատեսվող սահմաններ, իսկ պարկի վերջնական քարտեզագրում և գոտիավորում դեռևս չի իրականացվել: Միևնույն ժամանակ, համաձայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման, «Արևիկ» ազգային պարկի պահպանման (բուֆերային) գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։
Դիմումի հեղինակները բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք լրջորեն հաշվի առնել վերոնշյալ փաստը, ինչպես նաև բնապահպանական հանրության կողմից մինչ այժմ հնչեցրած մտահոգություններն ու բացասական կարծիքները, և բացասական եզրակացություն տալ շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության ներկայացված Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին:
«Դիմում ենք նաև WFF-ի հայաստանյան գրասենյակին` առաջարկով կազմակերպել տարածքի կենսաբազմազանության անկախ գիտական հետազոտություններ և ներկայացնել արդյունքները շահագրգիռ հանրությանը»։
Դիմումին միացել են՝ կենսաբան բնապահպան Արսեն Գասպարյանը, Համահայկական բնապահպանական Ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ֊ն (նախագահ Ինգա Զառաֆյան), Էկոլոգիական հասարակական դաշինքը, (համակարգող Սիլվա Ադամյան), էկոլոգ Լյուբա Բալյանը, «Գլոբալ Էկո» ՀԿ-ի նախագահ, պահպանվող տարածքների փորձագետ Մարտիրոս Նալբանդյանը, «Խազեր» երգչախմբի նախագահ Անի Նավասարդյանը։
Լուսանկարը՝ barevarmenia.com