Բյուջետային եկամուտները թերհաշվարկված են, և սա ոչ միայն թվաբանական, այլև բյուջեն կազմելու քաղաքականության սխալ է: Այսօր ԱԺ-ում 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե հիմք ընդունվի 2014 թվականի Ազգային վիճակագրության ծառայության տվյալները, որը ցույց է տալիս, որ, օրինակ՝ ավելացված արժեքի հարկի հավաքագրման 95 տոկոս կատարողականություն է եղել, 2015 թվականի բյուջեն այլ կերպ հաշվարկվեր։
«Օրինակ՝ վերցվել և հաշվարկվել է եկամտային հարկի բազան, և կիրառվել է 15.9 տոկոս փաստացի հավաքագրման տոկոսադրույք, այն դեպքում, երբ, բոլորս գիտենք, 24.4 տոկոսը նվազագույն եկամտային հարկն է: Եթե միայն աշխատավարձի գծով նայենք, կտեսնենք, որ 25-30 միլիարդ դրամ եկամտային հարկ հաշվարկված չէ: Կողմոնորշվենք՝ կամ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշները ճիշտ չեն, կամ Կառավարությունն այս ցուցանիշներով ասում է, որ «ես ստվերի դեմ չեմ պայքարում»: Անգամ եթե կուտակային համակարգը հաշվի չառնենք, մենք եկամտային հարկի պահով թերկատարում ունենք: Իսկ եթե կուակային համակարգը հաշվի առնենք, որի անունը դրվեց նպատակային սոցվճար, էս բյուջեում դա պետք է երևար, դա օրենքի ուղիղ պահանջ է: Այլապես մեր 1974 թվականից հետո ծնվածներին մղել ենք անորոշության գիրկը: Ինչն էր Սահմանադրական դատարանի որոշման իմաստը։ Ասում էր՝ դուք դա պետք է մտցնեք բյուջեի մեջ, որ դա լինի խորհրդարանի վերահսկողության ներքո», – ասել է Արծվիկ Մինասյանը:
Նա նշել է, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու 2015 թվականի պետական բյուջեի նախագծին: