Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է Կառավարության առաջարկած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ են քվեարկել 100 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ չի եղել։
Կառավարությունն օրինագծին հավանություն էր տվել շաբաթ օրը կայացած արտահերթ նիստի ընթացքում։ Այն, մասնավորապես, սահմանում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Նախագծի ևս մեկ հոդվածով մասնակի փոխհատուցվում է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը, ինչպես նաև սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:
97 կողմ, 3 դեմ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրինագիծը, որն ավելի վաղ վիճաբանության պատճառ էր դարձել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀԿԿ֊ական Վարդան Այվազյանի միջև։
Փաշինյանը ԱԺ֊ում կարծիք էր հնչեցրել, որ նախագիծը իրականում ընդունվում է գործարարներին օգնելու համար։